«Հայկական ժամանակ». Համաներում կլինի
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, երկար սպասված համաներումն, այնուամենայնիվ, հայտարարվելու է։
«Ավելին, այդ մասին որոշման տեքստն արդեն պատրաստ է, բայց այն դեռ Ազգային ժողով չի ուղարկվում: Որոշ տեղեկությունների համաձայն՝ այն կքննարկվի մինչև տարեվերջ:
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը մեր զրույցում չհերքեց, որ այս տարի համաներում կլինի»,-գրում է թերթը:
«Հրապարակ». Կռիվ ՝ մարզպետի աթոռի համար
«Հրապարակ»-ն անդրադարձել է Արարատի մարզպետի փոփոխության հարցին: Ըստ թերթի այդ հարցի շուրջ սրել են մարզի երկու ազդեցիկ կլանների հարաբերությունները:
«Բնապահպանության պաշտոնաթող նախարար Արամայիս Գրիգորյանը կարծում է, որ, որպես փոխհատուցում, պետք է ստանձնի գոնե մարզպետի պաշտոնը, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը մարզն ուզում է պահել իր ազդեցության տակ և լոբբինգ է անում որդու՝ մարզպետ նշանակվելու տարբերակի օգտին, որը ներկայումս Արտաշատի քաղաքապետն է: Նա որդու համար վաղուց էր նախատեսել մարզպետի պաշտոնը, որը տրամպլին կլինի Երևանի քաղաքապետ դառնալու համար: Ու թեև հիմա պլանները խառնվել են, բայց մտադրություններից հրաժարվել չի պատրաստվում»,- գրում է թերթը:
«Հայկական ժամանակ». Գագիկ Խաչատրյանը վաճառել է «Յուքոմը»
«Հայկական ժամանակ»-ը, վկայակոչելով տրանսպորտի և կապի նախարարությանը մոտ կանգնած իր աղբյուրին, գրում է, որ օրերս «Յուքոմ» ընկերության բաժնետոմսերի հսկիչ փաթեթը ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի հարազատներից անցել է նոր սեփականատիրոջ:
«Մեր տեղեկություններով, գործարքը դեռ պաշտոնապես չի արձանագրվել և դե յուրե չի ավարտվել: Ներկայումս ընթանում են փաթեթի փոխանցման տեխնիկական ընթացակարգերը, որը կարող է տևել շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ: Հայտնի է նաև գնորդը` այն Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի վերահսկողության տակ գտնվող մի ընկերություն է:
Թե որքանով է վաճառվել փաթեթը, ինչ պայմաններով, առայժմ հայտնի չէ: Հայտնի չէ նաև, թե ով է եղել գործարքի նախաձեռնողը` «Յուքոմի» ներկայիս բաժնետերե՞րը, թե ապագա գնորդը»,- գրում է թերթը և հիշեցնում, որ երկու տարի առաջ «Յուքոմը» գնեց «Օրանժ-Արմենիա» ընկերությունը և իր ֆիքսված հեռախոսակապին ու ինտերնետային ծառայություններին ավելացրեց նաև բջջային կապը:
«Ժողովուրդ». Հանրային ռադիոյի տնօրենը զենքով է գնում աշխատանքի
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն Արման Սաղաթելյանն այդ պաշտոնում նշանակվելուց հետո զենքով է շրջում:
Թերթը Արման Սաղաթելյանից փորձել է պարզել, թե ինչու է զենքով աշխատանքի գնում:
«Զենքն անվանական է, որով ես պարգևատրվել եմ ԼՂՀ ՊԲ-ի կողմից՝ ՀՀ ԶՈՒ համակարգում երկարամյա աշխատանքի ընթացքում: Զենքը տիրապետելու, պահպանելու և կրելու ընթացքում խստորեն հետևում եմ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգավորումներին, մասնավորապես «Զենքի մասին» ՀՀ օրենքով ամրագրված սահմանափակումներին ու պահանջներին»,- թերթի փոխանցմամբ ասել է Սաղաթելյանը՝ չհստակեցնելով, սակայն, թե ինչո՞ւ է իրեն անհրաժեշտ զենքով ռադիոյի շենք մտնելը:
«Հրապարակ». Էլիտար հարսանիքներ՝ նախագահի մասնակցությամբ
«Հրապարակ»-ն անդրադարձել է շաբաթ և կիրակի օրերին տեղի ունեցած երկու էլիտար հարսանիքների, որոնց մասնակցել է հայաստանյան ողջ էլիտան՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
«Ռենեսանս» ռեստորանում Վայոց Ձորի նախկին մարզպետ, Ջերմուկի «Հայաթ փլեյս» հյուրանոցում 25 միլիոն դոլար ներդրում կատարած Սամվել Սարգսյանի դստեր հարսանիքն էր, իսկ «Օջախում»՝ նախկին ոստիկանապետ, ՔԿՎ նախկին պետ Հայկ Հարությունյանի դստեր: Փեսաները քաղաքական էլիտայից չեն:
Սերժ Սարգսյանը մասնակցել է երկու հարսանիքներին էլ։ Սամվել Սարգսյանի հյուրերի թվում են եղել Արմեն Երիցյանը, Տարոն Մարգարյանը, «Ավշարի» Արայիկ Գրիգորյանը, մարզպետներ, Սուրիկ Խաչատրյանը, Ալիկ Սերգեյիչը: Իսկ քավորը եղել է Հեղինե Բիշարյանի որդին:
Թոշակի անցած Հայկ Արտյոմիչի դստեր հարսանիքին ներկա են եղել Սերժ Ազատիչը, Աղվան Գառնիկիչը, նախկին ոստիկաններ` Աշոտ Գիզիրյանի և Արարատ Մահտեսյանի ղեկավարությամբ»,- գրում է թերթը: