ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի — Sputnik. Նիքն ու Նորան սեմինարներ են անցկացրել ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում և Թումանյան գյուղում: Սեմինարները բաժանված էին 2 մասի. առավոտյան մարզումները մարզիչների համար էին, որոնց ժամանակ սովորեցնում էին` ինչպես աշխատել երեխաների հետ, սեմինարի արդեն երկրորդ հատվածում հատուկ գիտելիքներ ստացած մարզիչները մարզում էին երեխաներին:
Հատկանշական է, որ «Մարզիչներ բոլոր մայրցամաքներից» կազմակերպության նպատակը ոչ թե ֆուտբոլ խաղալ սովորեցնելն է, այլ ֆուտբոլի միջոցով ցույց տալ, թե ինչպես կարելի է կրթվել սպորտի միջոցով, թե ինչքան կարևոր է սպորտի հետ համատեղել կրթությունը, և թե ինչ նշանակություն կունենան համայնքի համար այն երեխաները, ովքեր կրթություն կստանան սպորտի միջոցով:
Կազմակերպության անդամների յուրաքանչյուր առաջադրանքի մեջ կա ոչ միայն գնդակով հարված ու վազք, այլև՝ իմաստ. ինչպես նշում են իրենք մարզիչները, իրենք հարցերի չեն պատասխանում, այլ տալիս են հարցեր, որ երեխաներն ու մարզիչներն իրենք պատասխանեն, մտածեն:
Սեմինարներին մասնակցել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մարզիչները, ֆուտբոլիստներ և ֆուտբոլիստուհիներ:
Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց «Շիրակ» ֆուտբոլային ակումբի հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Աննա Թադևոսյանը, չնայած մարզումները որևէ ուղղվածություն չեն ունեցել և դրանց մասնակցել են թե՛ տղաները, թե՛ աղջիկները, այդուհանդերձ, կարևորելով Հայաստանում աղջիկների ֆուտբոլ խաղալու, կրթություն ստանալու, լավ աշխատանք ունենալու և դրա դիմաց լավ վարձատրություն ստանալու հնարավորության հիմնախնդիրը, աղջիկների ներգրավվածությունն անչափ կարևոր է եղել:
Սեմինարներին մասնակցել են Հայաստանի կանանց ֆուտբոլային թիմերի ֆուտբոլիստուհիները, այդ թվում՝ մինչև 19 տարեկան հավաքականի աղջիկները:
Այս առումով հատկանշական էր, որ կազմակերպության հետ ԱՄՆ-ից Հայաստան էր ժամանել ֆուտբոլի կին մարզիչ Անդրեա Մոնտալբանոն ամուսնու՝ հայազգի Դիրոն Դեբեջյանի և երեխաների հետ:
«Անչափ ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար, այս անգամ արդեն` «Մարզիչներ բոլոր մայրցամաքներից» կազմակերպության հետ: Տպավորություններս շատ լավն են, քանի որ իմ առաջին այցելությունից հետո գիտեմ, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր աջակցում են կանանց ֆուտբոլին, իսկ «Մարզիչներ բոլոր մայրցամաքներից» կազմակերպության ծրագիրն է՛լ ավելի կօգնի դրան»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Անդրեա Մոնտալբանոն:
Անդրեան ընդգծեց, որ բազմաթիվ փոփոխություններ է տեսնում նախկին այցելության համեմատ. «Ես տեսնում եմ ֆուտբոլ խաղացող բազմաթիվ աղջիկների, Հայաստանում արդեն գործում է «GOALS» կազմակերպությունը, որն աջակցում է կանանց ֆուտբոլի զարգացմանը, Քրիստինե Մանգասարյանին, ով պրոֆեսիոնալ ֆուտբոլ է խաղում արդեն շվեդական թիմում, ինչին ինքնուրույն է հասել, տեսնում եմ շատ դեմքեր, որոնց տեսել եմ դեռ անցած այցելության ժամանակ ու անչափ երջանիկ եմ, որ նրանք դեռ խաղում են, ու համոզված եմ, որ նրանք շատ բան են անելու Հայաստանում կանանց ֆուտբոլի համար»:
«Մարզիչներ բոլոր մայրցամաքներից» կազմակերպության անդամներն աշխատում են մոտ 30 երկրների հետ` Աֆրիկայից մինչև Եվրոպա, նրանց գլխավոր նպատակն է ցույց տալ, որ սպորտի միջոցով հնարավոր է նաև կրթել: