ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Ռիգա կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովի և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ միասին ներկա է գտնվել «Երևան» անունը կրող այգու հանդիսավոր բացման արարողությանը:
Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովը ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին ու Ռիգայի հայ համայնքին` այգու կառուցումն իրականություն դարձնելու համար, համոզմունք է հայտնել, որ այն կդառնա քաղաքի սիրված հանգստի գոտիներից մեկը:
«Ռիգայում բացված «Երևան» անունը կրող այգին իսկապես մեծ նվեր է հանգստի գոտու հարևանությամբ ապրող տարբեր տարիքի բնակիչների համար: Այն նաև լավագույն խորհրդանիշներից մեկն է երկու քաղաքների միջև ձևավորված ամուր բարեկամության ու հաջողված համագործակցության: Երևանի և Ռիգայի միջև հաստատվել են հրաշալի հարաբերություններ, որի համար իմ շնորհակալությունն եմ հայտնում Երևանի գործընկերոջս՝ Տարոն Մարգարյանին, ով իր ջանքերը ներդրեց այս համագործակցությունն իսկապես արդյունավետ դարձնելու գործում: Այգու կառուցման հարցում ևս մենք մշտապես զգացել ենք Երևանի քաղաքապետի աջակցությունն ու հետևողականությունը, ինչի արդյունքում է նաև, որ հանգստի գոտում առկա է երևանյան շունչը: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր քաղաքի հայ և լատիշ բնակիչներին ու մաղթում հաճելի հանգիստ «Երևան» այգում»,- նշել է Նիլ Ուշակովը:
Ողջունելով ներկաներին` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել նախաձեռնության հեղինակներին` նկատելով, որ այն ևս մեկ վկայությունն է երկու քաղաքների միջև օր օրի զարգացող բարեկամական ու գործընկերային հարաբերությունների:
«Երևանի և Ռիգայի միջև համագործակցությունը տարիների պատմություն ունի։ Մեր երկու երկրների միջև բարեկամական և գործընկերային հարաբերություններն օր օրի զարգանում են, որի համատեքստում ամրապնդվում են մեր երկու քույր քաղաքների կապերը։ Ուրախալի է, որ այն իրականացվում է կոնկրետ ծրագրերի միջոցով։ Այսօր էլ մենք այստեղ ենք Ռիգայում «Երևան» անունը կրող այգու բացման առիթով, ինչի համար նախ և առաջ շնորհակալ եմ գործընկերոջս՝ Նիլ Ուշակովին, նաև իր ողջ թիմին՝ այս նախագծի կյանքի կոչմանը մեծապես աջակցելու համար: Երախտագիտությունս եմ հայտնում նաև Ռիգայի դումայի բոլոր պատգամավորներին, որոնք միաձայն կողմ քվեարկեցին այս այգին «Երևան» անվանակոչելու համար։ Վստահ եմ, որ այս գեղեցիկ այգին, որը նախագծված է հայկական և երևանյան տարրերով, կդառնա ինչպես Ռիգայի բնակիչների, այնպես էլ մեր քույր քաղաքի հյուրերի սիրված վայրերից մեկը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը։
Այգու հանդիսավոր բացման արարողության շրջանակում երկու քաղաքապետները Երևանի և Ռիգայի միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի, ինչպես նաև «Երևան» անունը կրող այգու նախագիծը կյանքի կոչելու համար շնորհակալագրերով են պարգևատրել մի շարք անձանց:
Երևանի և Ռիգայի քաղաքապետերը, ի նշան երկու ժողովուրդների ու երկու քաղաքների բարեկամության, նաև կաղնի են տնկել հանգստի գոտում, որը լատիշ ժողովրդի ազգային խորհրդանիշներից մեկն է համարվում:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ռիգայի գործընկերոջ ուղեկցությամբ շրջել է այգում, ծանոթացել կատարված աշխատանքներին:
Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովը նշել է, որ բնակիչների լիարժեք հանգստի կազմակերպման համար ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները: Նորակառույց հանգստի գոտին կահավորվել է մանկական ժամանակակից խաղերով, մարզական գույքով, ինչպես նաև «Երևան» գրառումով նստարաններով: