ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի-Sputnik. Հրանտ Մելիք-Շահնազարյանը կարծում է, որ նոր քարտուղար ընտրելու գործընթացը երկրորդ անգամ հետաձգելն ավելի շատ խոսում է այն մասին, որ ՀԱՊԿ-ի ներսում լուրջ խդիրներ կան։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանի ներկայացուցիչը պետք է ստանձներ ռոտացիոն կարգով դեռևս նախորդ տարի, սակայն ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշում կայացվեց Նիկոլայ Բորդյուժայի` այդ պաշտոնում մնալը երկարաձգել ևս մեկ տարով։ Արդեն ընթացիկ տարվա հոկտեմբերի 14-ին պետք է վերջապես ընտրվեր հայաստանյան ներկայացուցիչը, բայց նորից անունը հրապարակելը հետաձգվեց։
«Գուցե հայկական կողմի ներկայացրած թեկնածուն ինչ-որ առումներով ընկալելի չի եղել ՀԱՊԿ անդամ-պետությունների համար, ընդ որում, դժվար է ասել` ում, որովհետև որոշումներն այստեղ կոնսեսուսով են ընդունվում։ Եթե որևէ պետություն դեմ է այդ թեկնածուին, ապա պետք է լրացուցիչ աշխատանք տարվի` կամ համոզել, կամ այլ թեկնածու առաջարկել։ Հայաստանում, գիտեք, լուրջ փոփոխություններ եղան ռազմաքաղաքական ղեկավարության հարցում, հնարավոր է` այդ փոփոխությունները փոխել են նաև նպատակները ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի մեր թեկանծուի հետ կապված։ Խոսուն փաստ է, որ ՀԱՊԿ-ի ներսում լուրջ խնդիրներ կան, անգամ նման հարցերը կարգավորելու գործում»,-ասաց քաղաքագետը։
Լրագրողների այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, թե Թուրքիան կարող է դրական ազդեցություն ունենալ ղարաբաղյան հակամարտության ապաարգելափակման հարցում, Մելիք-Շահնազարյանը պատասխանեց` այստեղ կա հայկական կողմի հակադարձումը։
«Հայաստանի պատասխանը չուշացավ, մեր դիրքորոշումը եղել է հստակ, ցյուրիխյան արձանագրության տապալման օրվանից սկսած, երկու գործընթացները միմյանց հետ կապ չունեն, և բանակցային գործընթացն էլ ընթանալու է բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։ Թուրքիան մշտապես փորձել է այստեղ ավելի ակտիվ մասնակցություն ունենալ, փորձել է պաշտպանել իր բնական դաշնակցի շահը, բայց միայն նրանց ցանկությունը բավարար չէ։ Այստեղ կա նաև հայկական կողմի հակադարձությունը, անկախ նրանից, թե ով կպաշտպանի Թուրքիային այդ գործընթացում»,-ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Քաղաքագետն անդրադարձավ նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի այցի չեղարկմանը` քիչ հավանական համարելով, որ այդտեղ կա ադրբեջանական գործոնը։
«Չեմ ուզում գուշակություններ անել` իսկապես հիվանդ է, թե չէ, փաստն այն է, որ Երևան չգալուց առաջ նաև նաև Ադրբեջան չի գնացել։ Այստեղ երկու տարբերակ կա` կամ նա իսկապես շատ հիվանդ է և չի կարող զբաղվել, կամ, որ ավելի հավանական եմ համարում, իրենց երկրի ներսում ընթացող գործընթացներն են։ Հնարավոր է` երկրորդ տարբերակն է եղել, երկրի ներքին խնդիրներից ելնելով, նման պատրվակ է մտածել»,-ասաց նա։
Վերջում նա ավելացրեց` անկախ այն բանից` Նազարբաևը Հայաստան կգար, թե ոչ, ակնհայտ է մնում նրա դիրքորոշումը Ադրբեջանի ու Հայաստանի վեաբերյալ։ Այս պարագայում ևս քաղաքագետը տեսնում է ՀԱՊԿ-ի բացթողումները։