ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Թուրքիան իր բացահայտ միակողմանի դիրքորոշմամբ տեղ չունի Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում: Այդ մասին հայտարարեց արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը` մեկնաբանելով Թուրքիայի ԱԳՆ արձագանքը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի Երևանում արած հայտարարությանը:
«Թուրքիան իր բացահայտ միակողմանի դիրքորոշմամբ տեղ չունի և պետք է հեռու պահվի Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացից Միակ դրական ազդեցությունը, որ Անկարան կարող է ունենալ ԼՂ կարգավորման հարցում, այն է, որ Թուրքիան բացի Հայաստանի հետ սահմանը և վերջ դնի Ադրբեջանի սադրիչ և ապակառուցողական քայլերի խրախուսումը»,- ասել է Քոչարյանը:
Նա նշել է, որ հոկտեմբերի 14-ին Երևանում ընդունված ՀԱՊԿ անդամ-երկրների նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությունն աջակցություն է հայտնել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնություններին՝ ուղղված հակամարտության գոտում իրադրության սրում թույլ չտալուն, իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջ մղման համար պայմանների ստեղծմանը:
«Բացառապես խաղաղ կարգավորումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի երեք հանրահայտ սկզբունքների՝ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի վրա»- նշել է Քոչարյանը:
Ըստ Քոչարյանի` ՌԴ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում արտահայտված է այդ հայտարարությամբ, այլ ոչ թե ադրբեջանական լրատվամիջոցներով հրամցվող Թուրքիայի արտգործնախարարության կողմից Սերգեյի Լավրովի խոսքերի այլասերմամբ. որակավորում, որին նախկինում ԼՂ բանակցային գործընթացը խեղաթյուրելու համար արժանացել էր ադրբեջանական կողմը: