ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Երևանի քաղաքապետարանը երեկ հայտարարություն էր տարածել այն մասին, որ քաղաքապետարանի և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպված «Կոկա-Կոլա Երևան կիսամարաթոնի» անցկացմամբ պայմանավորված, հոկտեմբերի 16-ին առավոտյան ժամերից մինչև կեսօր մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը:
Տրանսպորտային միջոցների համար փակ են Հանրապետության, Ստ. Շահումյանի անվ. հրապարակները, Վազգեն Սարգսյան, Նալբանդյան, Վարդանանց, Ալեք Մանուկյան, Իսահակյան, Թամանյան, Մոսկովյան, Սարյան, Լեոյի, Պռոշյան փողոցները:
Երթևեկության համար այժմ փակ է նաև Հրազդանի կիրճի մինչև Դավթաշենի կամուրջ ընկած հատվածը:
Հաղթանակի կամուրջը, Աթենքի, Արգիշտի, Բեյրութի, Վ. Սարգսյանի փողոցները, Աբովյան փողոցից մինչև Պուշկինի փողոց, Սախարովի հրապարակից մինչև Նալբանդյան փողոց ընկած հատվածները ևս փակ են:
Երթևեկությունը նշված հատվածներում կվերականգնվի մոտ 20 րոպեից՝ ժամը 13։30-ին։