ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik. Հայ մարզիկ Դավիթ Ֆահրադյանը սահմանել է Գինեսի նոր ռեկորդ՝ շուռ տված ձեռքերով 94 պտույտ կատարելով զուգափայտի վրա:
«Վարժությունը շատ բարդ է: Դու բռնվում ես երկու մատով: Դու նորմալ հենարան չունես և կատարում ես այն գրեթե մեկ շնչով»,- լրագրողներին ասաց Ֆահրադյանը:
Նրա խոսքով՝ ինքը ձգտում է ոչ թե արագ կատարման, այլ պտույտների առավելագույն քանակության: Ի սկզբանե նախատեսված էր կատարել 50 պտույտ, բայց նա գերազանցել է այն գրեթե երկու անգամ: Վարժությունը տևել է 2 րոպե 13 վայրկյան:
Երկու ձեռքով սովորական պտույտները սկսել է 300-ից, իսկ չորրորդ ռեկորդի ժամանակ հասել 1144-ի:
Հայաստանի վաստակավոր մարզիչ, Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ֆիզկուլտուրայի ամբիոնի վարիչ Խաչատուր Թևոսյանի խոսքով՝ աշխարհում դեռ ոչ ոք նույնիսկ մոտ չի եղել նման արդյունքի, քանի որ դա «սարսափելի բարդ ռեկորդ է»:
«Շուռ տված ձեռքերով նա զուգափայտի վրա կատարել է 94 պտույտ: Դա մեծ իրադարձություն է, չէ՞ որ մարդկանց մեծամասնությունը մի քանի անգամից ավել չի կարող կատարել այդպիսի պտույտ»,- ասաց Թևոսյանը:
2009թ-ին Ֆահրադյանը 10 րոպեում զուգափայտի վրա կատարել է 350 պտույտ: 2010-ին նա զուգափայտի վրա կատարել է 76 պտույտ ձախ ձեռքով: 2011թ-ին 19 րոպե 29 վայրկյանում կատարել է 670 պտույտ երկու ձեռքով: Չորրորդ ձեռքբերումը եղել է 1144 պտույտը: