«Ժամանակ». Արդյո՞ք ՀԱՊԿ-ն կվերածվի Արևմուտքի դեմ գործիքի
Թերթը հարց է տալիս, թե դեպի ուր կփորձի Ռուսաստանն առաջ տանել իր քաղաքականությունը ՀԱՊԿ միջոցով երևանյան գագաթնաժողովի ընթացքում։
«Խնդիրն այն է, որ այդ գագաթնաժողովը տեղի է ունենում մի աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ էլ ավելի են սրվել, կարելի է ասել նույնիսկ նոր փուլի են հասել Արևմուտքի և ՌԴ հակասությունները։…Այսպիսով, երևանյան գագաթնաժողովում գլխավոր ինտրիգը հանդիսանում է այն, թե արդյո՞ք մասնակիցներին կհաջողվի բացահայտորեն, ուղիղ դիմադրությամբ, կամ որոշակի ենթատեքստային միջոցներով թույլ չտալ, որպեսզի Ռուսաստանը ՀԱՊԿ-ը վերածի Արևմուտքի հետ հակասությունների սրման նոր փուլում ավելի ակտիվ կամ կոշտ մի գործիքի։ Այն, որ այդ գործիքը Հայաստանի անվտանգության հետ ըստ էության ոչ մի կապ չունի, մենք համոզվել ենք մեր պետության մաշկի վրա, մեր 102 քաղաքացիների կյանքի գնով՝ ապրիլյան պատերազմի օրերին»,- գրում է թերթը։
«Հայկական ժամանակ». Հովիկ Աբրահամյանը` դեսպան
Իշխող հանրապետական կուսակցության շրջանակներում քննարկում են, թե հնարավոր է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին ինչ-որ երկրում դեսպան նշանակեն, հատկապես, որ նման պրակտիկա հայկական իրականության մեջ արդեն կա։
«Որոշ տեղեկությունների համաձայն` իշխանական վերնախավում քննարկում է, որ Հովիկ Աբրահամյանին նույն պատճառներով Կարեն Կարապետյանին չխանգարելու համար, որևէ հարմար երկիր դեսպան ուղարկեն։ Տիգրան Սարգսյանի ունակություններն ու հնարավորությունները այն ժամանակ մեզ շատ անհրաժեշտ էին ԱՄՆ-ում։ Իսկ Հովիկ Աբրահամյանն առայժմ հանգստանում է, և նրա հետագա աշխատանքի վերաբերյալ դեռ որևէ քննարկում չի եղել»,- շրջանառվող տեղեկություններն այսպես մեկնաբանեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
«Հրապարակ». Սննդամթերքի անվտանգության ծառայության պետը պաշտոնանկ կարվի
Թերթի տեղեկություններով՝ Սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Արմեն Հայրապետյանը առաջիկա օրերին պաշտոնանկ կարվի։
«Այդ պաշտոնի ամենահավանական թեկնածուն «Նաթֆուդ» ընկերության տնօրեն Իշխան Կարապետյանն է»,- գրում է թերթը։
«Հայկական ժամանակ». Սեյրան Օհանյանը` բարդ ընտրության առջև
Թերթը գրում է, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վիճակը բարդ է: Դատելով մամուլում հայտնված արտահոսքերից, Օհանյանը ներկայում այնքան էլ մեծ ընտրություն չունի։
«Մեկ ամիս առաջ, ըստ մամուլի հրապարակումների, նա կարող էր ընտրել ԱԱԽ նախագահի կամ ԶՈԻ գլխավոր շտաբի պետի պաշտոնների միջև։ Կարող էր նաև նշանակվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար։ Այս բոլոր առաջարկները, սակայն, Օհանյանը մերժել է։ Տևական ժամանակ մամուլը գրում է նաև Օհանյանի քաղաքական դաշտ տեղափոխվելու մասին։ Ասում են՝ նա ղեկավարելու է Վիկտոր Դալլաքյանի կուսակցությանը»,- գրել է թերթը։
«Իրատես». Վիկտոր Դալլաքյանը՝ ԱԺ նախագա՞հ
Թերթը նշում է, որ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Վիկտոր Դալլաքյանի հրաժարականներն ու հայտարարությունները քաղաքական օրակարգի ամենաքննարկվող թեմաներից են։
«Լուրեր են շրջանառվում, թե Ազգային ժողովի ապագա նախագահը Վիկտոր Դալլաքյանն է լինելու, լրագրողներս էլ, փաստորեն, զրկվելու ենք «նյութի» անսպառ աղբյուրից Գալուստ Գրիգորիչի դարակազմիկ մեկնաբանություններն «ըմբոշխնելու» հաճույքից։ Բայց կա մի «սփոփանք». եթե այս լուրն իրականություն դառնա, Աժ նախագահ է լինելու 83 օրենքների հեղինակ, համարյա «կոմսոմոլ», «սպորտսմեն» և, վերջապես, «սիրուն տղա» Վիկտոր Դալլաքյանը։ Տեսնես խորհրդարա՞նն ինչ պատկեր կունենա»,- գրում է թերթը։