ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. Եթե ԵԱՏՄ անդամ յուրաքանչյուր երկիր այդ միությունում առաջարկի իր լավագույն ռեսուրսները, ապա ոչինչ չի խանգարի տարածաշրջանի տնտեսական աճին ու զարգացմանը, իր ելույթում այսօր նշեց Ռուսաստանի հայերի միության նախագահ նշեց Արա Աբրահամյանը:
«Եթե մենք համախմբենք ՌԴ արդյունաբերական հզորությունը, Ղազախստանի բնական պաշարները, Բելառուսի և Ղրղզստանի աշխարհագրական առավելությունները, ինչպես նաև բոլոր անդամ երկրների մարդկային ու մտավոր ռեսուրսները, ապա շուտով կունենանք ոչ միայն խելացի ու առաջադեմ, այլև բարգավաճող տարածաշրջան»,- նշեց Արա Աբրահամյանը։
Նա հավելեց, որ չնայած Հայաստանը տարածքով փոքր է և հարուստ չէ բնական պաշարներով, բայց հարուստ է հնադարյան մշակույթով, աշխատասեր ու տաղանդավոր ժողովրդով: Ուստի կարող է դառնա ԵԱՏՄ տեխնոլոգիական, ֆինանսական կենտրոն՝ հետագայում դառնալով նաև Նոր մետաքսի ճանապարհի դարպասը:
Արա Աբրահամյանը նշեց նաև, որ Հայաստանի սահմաններն իր երկու հարևանների հետ փակ են, ինչը խոչընդոտում է տարածաշրջանային զարգացմանը
«Հայաստանը ձգտում է հակամարտությունների կարգավորման բոլոր հարևանների հետ՝ պատմական արդարության, փոխադարձ հարգանքի և փոխադարձ շահերի սկզբունքից ելնելով»,- ասաց Արա Աբրահամյանը։
Նա շեշտեց, որ Հայաստանը ձգտում է կարգավորել հարաբերությունները նաև Ադրբեջանի հետ՝ առանց Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքը զոհաբերելու: Հետևաբար, ըստ Աբրահամյանի, ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի դիվանագիտության նորարարական մոտեցումների միջոցով: Բանախոսի համոզմամբ` համաժողովը կկարողանա օգտագործել տնտեսությունը նաև վերոհիշյալ հակամարտությունները լուծելու համար: