ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik. Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը (ՊՍԾ) հրապարակել է տեղեկատվություն, որ 2016 թվականի սեպտեմբերին ապօրինի այլ ապրանքների թվում փորձում էին Ադրբեջան հայկական ալկոհոլ ներկրել, հայտնում է 1news.az-ը։
ՊՍԾ-ի տվյալներով` անցյալ ամիս կանխվել է 158 հազար մանաթի (շուրջ 100 հազար դոլար) չափով մաքսանենգ ապրանք մտցնելու 72 փորձ։ Առգրավված մաքսանենգ ապրանքի թվում է 3 հրացան, 4 հակատանկային ական, 9 փամփուշտ, 23 բջջային հեռախոս, 13.935 տուփ ծխախոտ, 3 նավակ, Հայաստանում արտադրված 20 շիշ ալկոհոլ, դեղորայք և այլն։
Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում հայտնաբերվել և առգրավվել է 5 կգ 334.1 գրամ թմրանյութ։ Բացի այդ` սեպտեմբերին Ադրբեջանի պետական սահմանը հատելու փորձերի ժամանակ ձերբակալվել է 59 մարդ` Ադրբեջանի 25 քաղաքացի, 15` Իրանի, 6` Ուզբեկստանի, 5` Բանգլադեշի և երկուական Վրաստանի և Ռուսաստանի, ինչպես նաև մեկական Ուկրաինայի, Բելգիայի, Ուգանդայի և Քենիայի քաղաքացի։ Սահմանային ռեժիմը խախտելու համար ձերբակալվել է 14 անձ, ծովում սահմանային ռեժիմը խախտելու համարի` 15 անձ։
Այդ մարդկանց նկատմամբ համապատասխան որոշումներ են կայացվել։ Բացի այդ` սահմանապահները ձերբակալել և իրավապահներին են հանձնել հետախուզման մեջ գտնվող 373 հանցագործի։