ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի մանկության ընկերն է և քաջատեղյակ է նրան անհանգստացնող հիմնական խնդրին:
«Ամեն անգամ, երբ մենք հանդիպում էինք տարբեր առիթներով, բարևից հետո հաջորդ հարցը միշտ լինում էր՝ ի՞նչ կա շենքից: Հիմա, երբ որ ես իրեն շնորհավորեցի, ասացի՝ Արմեն ջան, հիմա ես եմ միշտ հարցնելու՝ ի՞նչ կա շենքից»,- մեզ հետ զրույցում կեսլուրջ-կեսկատակ ասաց Ժիրայր Դադասյանը՝ հավելելով, որ հույս ունի, որ ի վերջո կգնահատվի Երևանի մնջախաղի պետական թատրոնի կատարած աշխատանքների ծավալը և կլուծվի նաև տարածքի հարցը:
Նոր նախարարի հետ իր ընկերական հարաբերությունները, սակայն, Դադասյանը չի կարևորում, թատրոնի տարածքի խնդիրն էլ անձերով չի պայմանավորում:
Մնջախաղի թատրոնի խնդիրը, նրա բնորոշմամբ, արդեն ոչ միայն իր, այլև հայ ժամանակակից մշակույթի խնդիրն է դարձել:
«Շատ մեծ հույս ունեմ, որ այս անգամ հնարավորինս շուտ այս հարցը կլուծվի: Հույս ունեմ, որ ի վերջո կգնահատվի աշխատանքների այն ծավալը, որը թատրոնն իրականացնում է: Մենք չենք ուզում շենք, մենք ուզում ենք տարածք մեր գործունեությունը կազմակերպելու համար, որովհետև մենք չենք սահմանափակվում միայն թատրոնով, մենք կազմակերպում ենք միջազգային փառատոն Ծաղկաձորում, մարզային այլ քաղաքներում՝ նույնպես: Ունենք մեր ստուդիաները, պատրաստվում ենք ստուդիա բացել նաև Ստեփանակերտում: Եվ այս ամենի համար անհրաժեշտ են պայմաններ»,- ասաց Ժիրայր Դադասյանը:
Նոր կառավարությունն արդեն հայտարարել է, որ 2017թ-ի բյուջեն կոշտ է լինելու, ծախսային մասը՝ կրճատված: Sputnik Արմենիայի հարցին, թե մտավախություն չկա արդյո՞ք, որ ֆինանսավորման պակասը կվնասի մշակույթի բնագավառին, արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյանը պատասխանեց. «Կրճատվել է, թե չի կրճատվել, դա երկրորդական է խնդիր է: Ես կողմ եմ, որ բյուջեն կարգավորվի և ուղղված լինի իրականացվող մշակութային քաղաքականությանը»:
Մեր զրուցակիցը հույս հայտնեց, որ նոր նախարարը կհետաքրքրվի նաև որլորտի՝ իրենց կատարած աշխատանքի համեմատ անհամաչափ ֆինանսավորվող որոշ կազմակերպություններով: