ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. Արևի, վարդագույն տուֆի, բարեհամբյուր և հյուրընկալ մարդկանց քաղաք Երևանն այսօր տոնում է իր ծննդյան 2798-ամյակը: Sputnik Արմենիա լրատվական գործակալությունը ձեզ է ներկայացնում Երևանի ամենասիրված և մեծ թվով այցելուներ ունեցող հինգ վայրերը:
Հանրապետության հրապարակ
Սա Երևանի կենտրոնական հրապարակն է, որը ոչ միայն Հայաստանի բնակիչների, այլ զբոսաշրջիկների ամենասիրելի վայրն է:
Հանրապետության հրապարակում հինգ շենք է տեղակայված, որոնց թվում են կառավարության շենքը՝ մայրաքաղաքի գլխավոր ժամացույցով, նախարարությունների նախկին շենքը, ինչպես նաև Հայաստանի պատմության թանգարանը: Այստեղ է գտնվում նաև ազգային պատկերասրահը` հայտնի նկարիչների կտավներով՝ Այվազովսկի, Ռեպին, Սերով, Ռուբենս… Հրապարակի կենտրոնում անկրկնելի երգող շատրվաններն են:
Այս վայրը մագնիսի պես ձգում է մարդկանց, և հատկապես երեկոյան ժամերին այստեղ մարդկանց հոծ բազմություն է հավաքվում: Նույնիսկ ձմռանը, երբ շատրվանները չեն գործում, զբոսաշրջիկները սիրում են գալ այստեղ և նկարվել: Հրապարակի շինարարությունն իրականացվել է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծով (1924-1958 թթ): Հանրապետության հրապարակի հատակագծում սեղանի և օվալի համադրություն է (մակերեսը՝ 3 հեկտար)՝ տեղադրված քաղաքի հյուսիս-հարավ առանցքով։ Հրապարակի հարավ-արևմուտքում մինչև 1990-ը Լենինի արձանն էր, մինչև 1996-ը՝ պատվանդանը: Հրապարակում գտնվող բոլոր շենքերը կառուցված են և երեսպատված սպիտակ (Կառավարական 2-րդ տունը, թանգարանների շենքը) և վարդագույն (մնացած շենքերը) երանգների ֆելզիտային տուֆով: Հրապարակի մոտ կա մի երկարաձիգ զբոսայգի, որտեղ 1968 թվականին Հայաստանի մայրաքաղաքի տարիքը խորհրդանշող 2750 շատրվան է տեղադրվել:
Կասկադ
Այսօրվա Երևանը դժվար է պատկերացնել առանց հայտնի Կասկադի: Սա Երևանի ամենակարևոր տեսարժան վայրերից մեկն է:
Կասկադի վերին հատվածը հասնելուց հետո ոչ միայն հնարավոր է հիանալ Երևանի աննկարագրելի գեղեցիկ տեսարանով, այլև կարելի է զբաղվել ֆիզկուլտուրայով, քանի որ կառույցն անհամար աստիճաններ ունի, որոնք տանում են դեպի «Հաղթանակի զբոսայգի» և «Մայր Հայաստան» հուշահամալիր: Եթե օրն անամպ է, ապա հենց այստեղից կարելի է հիանալ նաև բիբլիական Արարատով: Կասկադի մոտ ձեզ «կդիմավորի» ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը, իսկ շինության ներսում՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը:
Կենդանաբանական այգի
Երևանի կենդանաբանական այգին ամենաշատ այցելուներ ունեցող վայրերից մեկն է: Այստեղ կարելի է ժամանակ անցկացնել ընկերների կամ ընտանիքի հետ:
Նորոգված ու թարմացված այգու բնակիչները Երևան են բերվել աշխարհի տարբեր վայրերից: Այգին ընդհանուր առմամբ ունի 300 տեսակի շուրջ 2749 կենդանի (կաթնասուններ, թռչուններ, անողնաշարավորներ, սողուններ, ձկներ): Կենդանաբանական այգին «աստղ» էլ ունի, անունը՝ Գուգո: Գուգոն համադրիլ է (շնակապիկների ցեղատեսակից — խմբ.), որին ցանկանում է տեսնել այգու յուրաքանչյուր այցելու: Վերջերս այստեղ մի հարմարավետ և ժամանակակից զբոսայգի կառուցվեց, որն այժմ կարող է ընդունել նաև հաշմանդամ երեխաների: Կենդանաբանական այգու մուտքի տոմսը հինգշաբթի օրերին 200 դրամ է, իսկ շաբաթվա մյուս օրերին` 600: Մոտ ապագայում այգին նոր բնակիչներ կունենա, որոնց թվում նաև կարմիր պանդա կլինի:
Հյուսիսային պողոտա
Փողոցը ձգվում է Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքից` այսինքն Ազատության հրապարակից, մինչև Հանրապետության հրապարակ:
Այստեղ վեր են խոյանում նորակառույց շենքերը, որոնց տարածքները հիմնականում վարձով են տրվում: Պողոտան գետնանցում ունի, որտեղ ստորգետնյա առևտրային կենտրոն է կառուցվել: Հյուսիսային պողոտան հարուստ է ռեստորաններով, տարբեր կազմակերպությունների գրասենյակներով և խանութներով: Այստեղ նաև տոնական տարաբնույթ միջոցառումներ են անցկացվում:
Էրեբունի ամրոց
1969 թվականին Էրեբունի քաղաքի հիմնադրման կապակցությամբ բացվեց «Էրեբունի» թանգարանը, որտեղ ցուցադրված են ուրարտական մշակույթի արժեքավոր նմուշները:
Թանգարանից ոչ հեռու Էրեբունու ամրոցն է, գտնվում է այժմյան Երևանի հարավարևելյան մասի Նոր Արեշ և Վարդաշեն թաղամասերի միջև վեր խոյացող Արին-բերդ բլրի շուրջը, որի գագաթին պահպանվել են միջնաբերդի մնացորդները։ Պահպանվել է Արգիշտի Ա-ի սեպագիր արձանագրությունը քաղաքի հիմնադրման մասին։ Էրեբունին ուրարտական խոշոր ռազմա-ստրատեգիական հենակետ էր և իր հզոր զինվորական կայազորով կոչված էր ամրապնդելու երկրի դիրքերը հյուսիսային սահմանների հատվածում, ռազմատենչ, հատկապես Ուդարի-Էտուինի ցեղախմբերի ներխուժման վտանգը կանխելու համար։ Մյուս կողմից Արարատյան հարթավայրը Էրեբունիի հետ մեկտեղ, Վանի շրջանից հետո, ուրարտական պետության երկրորդ խոշոր տնտեսական, քաղաքական ու մշակութային կենտրոնն էր։ Էրեբունիի հիմնադրման ժամանակ Վանի թագավորությունը, որպես պետություն, հասել էր տնտեսական, քաղաքական և ռազմական հզորության և գերիշխում էր Առաջավոր Ասիայում։
Էրեբունու գտնվելու վայրի մասին հայտնի չէր մինչև XX դարի կեսերը: Միայն 1950 թվականին, Արին Բերդի հետախուզական աշխատանքների ժամանակ հայտնաբերվեց Արգիշտի I սեպագիր արձանագրությունը, որը ինչպես պարզ դարձավ վերծանումից հետո, Էրեբունու քաղաք-ամրոցի շինարարության մեկնարկի մասին փաստաթուղթ էր: Արձանագրության մեջ գրված էր. «Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք՝ ի հզորություն Բիայնա երկրի և ի սարսափ թշնամիների։ Արգիշտին ասում է… Հողն ամայի էր, այստեղ ես մեծ գործեր կատարեցի։ Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի՝ Մենուայի որդի, արքա հզոր, արքա Բիայնա երկրի, տերը Տուշպա քաղաքի»: Այդ փաստաթուղթը վկայում է, որ քաղաքը կառուցվել է մ.թ.ա. 782 թվականին Արգիշտի Ա-ի կողմից: Թանգարանն ու ամրոցը Երևանի զբոսաշրջային կենտրոններից մեկն են: