ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ, հայտնում են Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունից:
Սարգսյանը Պուտինին մաղթել է քաջառողջություն և նորանոր հաջողություններ Ռուսաստանի քաղաքացիների բարօրության հետագա բարձրացմանը, երկրի բարգավաճմանը և միջազգային ասպարեզում նրա դերի ամրապնդմանն ուղղված՝ քաղաքականության գործում:
«Անկասկած, եղբայրական և բարեկամական բազմադարյա հարաբերությունների վրա հիմնված մեր պետությունների դաշնակցային փոխգործակցության ներուժի համատեղ հետևողական խորացումը և հարստացումը թույլ է տալիս նշանակալի արդյունքների հասնել Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության բոլոր ուղղություններով: Ձեր անձնական ներդրման շնորհիվ կյանքի են կոչվում կարևոր միջպետական պայմանավորվածություններ ռազմավարական ծրագրերի գծով, այդ թվում՝ տնտեսական, ռազմատեխնիկական, ներդրումային, հումանիտար և այլ ոլորտներում»,- ասված է ՀՀ նախագահի ուղերձում:
Սարգսյանը վստահություն է հայտնել, որ ակտիվ, արդյունավետ քաղաքական երկխոսությունը և իրենց պարբերական հանդիպումներն այսուհետ ևս կարևոր դեր կխաղան հայ-ռուսական համագործակցության ամբողջ համալիրի դինամիկ զարգացման գործում ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ միջազգային և տարածաշրջանային միավորումների շրջանակներում:
«Եվրասիական տնտեսական միության արդյունավետ գործունեությունը, Անկախ պետությունների համագործակցության ադապտացիան, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության համակարգի զարգացման ուղղությամբ համատեղ քայլերը որակապես նոր պայմաններ են ստեղծում դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման համար՝ ի շահ մեր երկրների ժողովուրդների, տարածաշրջանային կայունության և անվտանգության»,- նշել է ՀՀ նախագահը:
Սարգսյանը նշել է, որ ուրախ է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ընթացքում Պուտինին Հայաստանում ողջունելու առաջիկա հնարավորության համար: