Արազ Բաղդասարյանի խոսքով` հոկտեմբերի 8-ին Երևանը կունենա ամբողջովին հայեցակարգին համապատասխան ձևավորման աշխատանքներ։ «Երևան` արևի քաղաք» կարգախոսին համապատասխան, քաղաքը ձևավորվելու է արևային գույներով, քաղաքի բոլոր վարչական շրջանները տոնական տեսք են ստանալու, բայց հիմնական շեշտը դրվելու է Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների վրա։
«Կենտրոնում տեղի է ունենալու 33 հիմնական միջոցառումներից 32-ը, մեկ միջոցառում էլ նախատեսված է Էրեբունի վարչական շրջանում։ Այդ պատճառով էլ այս երկու վարչական շրջաններում ձևավորման աշխատանքներն ավելի մեծ ընթացք են ստացել։ Ձևավորված են լինելու կամուրջները, կանգառասրահները, շենքերը, նույնիսկ բնակիչների հետ ենք աշխատել, որպեսզի նրանք էլ իրենց վերաբերմունքը արտահայտեն և դրոշներով ձևավորեն պատշգամբները»,- ասաց Բաղդասարյանը։
Ավանդույթի համաձայն` իրենց տարածքների ճակատային մասերն ու հարակից տարածքները կձևավորեն նաև կենտրոնական փողոցներում գտնվող կազմակերպությունները։
Ըստ Արազ Բաղադասարյանի` քաղաքի ձևավորումը նաև անակնկալ տարր է պարունակում։
«Հոկտեմբերի 8-ին Երևան քաղաքի կենտրոնական հատվածներում կտեսնենք ձևավորման այնպիսի առանձնահատկություններ, որոնք նախորդ տարիներին չենք տեսել»,- ասաց նա։
Նշենք, որ «Էրեբունի-Երևան»-ի առաջին պաշտոնական տոնակատարությունը կազմակերպվել է 1968թ. հոկտեմբերին, երբ նշվում էր մայրաքաղաքի հիմնադրման 2750-րդ տարեդարձը։ Հոբելյանական հանդիսությունները տևեցին մոտ մեկ շաբաթ։ Միջոցառումները շատ էին, բազմազան ու բովանդակալից. հրատարակվեցին Երևանի պատմությունը ներկայացնող նոր գրքեր, էկրան բարձրացան Երևանի առօրյան արտացոլող նոր ֆիլմեր, բացվեցին ցուցահանդեսներ, ստեղծվեցին Երևանի մասին նոր երգեր, թողարկվեցին բազմապիսի հոբելյանական հուշանվերներ, որոնք այժմ էլ հիշեցնում են այդ շքեղ տոնակատարության մասին։