ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Ռուսաստանցի բռնցքամարտիկ Միխայիլ Ալոյանն իր փաստաբանի հետ կմեկնի Շվեյցարիա` Համաշխարհային հակադոպինգային գործակալության լսումներին մասնակցելու, Սպորտ-Էքսպրեսին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի բռնցքամարտի հավաքականի ավագ մարզիչ Էդուարդ Կրավցովը։
Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) նոյեմբերին լսումներ կանցկացնի Ռիո դե Ժանեյրոյի արծաթե մեդալակիր, ռուսաստանցի բռնցքամարտիկ Միշա Ալոյանի գործով։
«Լսումները նշանակված են նոյեմբերի 3-ին։ Դրանք տեղի կունենան Լոզանում, և Միխայիլը կմեկնի Շվեյցարիա իր փաստաբանի հետ։ Ես համոզված եմ, որ Ալոյանին կարդարացնեն։ Ես մշտական կապի մեջ եմ AIBA-ի գրասենյակի հետ։ Այնտեղ ինձ օգնություն են առաջարկում վիճելի հարցերի լուծման գործում, որոնք կապված են մեր բռնցքամարտիկների հետ», — ասաց Կրավցովը։
Նա խոստովանեց, որ իրեն ապշեցրել է այն, որ իր սանը հայտնվել է մարզիկների ցուցակում, որոնք արգելված միջոցներ են օգտագործում։ Նա նշել է, որ իրավիճակը հսկողության տակ է։
«Պետք է հասկանալ, որ Միխայիլը ութ տարի շարունակ գտնվել է WADA-ի հսկողության տակ։ Արգելված միջոցներ օգտագործելու մասին խոսք անգամ չի կարող լինել։ Դա հիմարություն է։ Մենք համապատասխան նամակներ ենք ուղարկել WADA, ի պատասխան ստացվել են Միշայի անալիզների արդյունքները. Արգելված դեղամիջոցի պարունակության չափաբաժինը մոտ է եղել զրոյին։ Մենք կանոնավոր կերպով շփվում ենք Ալոյանի հետ։ Նա ոչ միայն հիանալի մարզիկ է, այլ նաև հոգեպես շատ ուժեղ մարդ։ Նա ադեկվատ է ընդունել այս իրավիճակը», — ասաց մարզիչը։
Ավելի վաղ Fancy Bears հաքերական խումբն իր կայքում հրապարակել էր փաստաթղթերի երկրորդ մասը, որոնց համաձայն` WADA-ն թույլ է տվել արգելված դեղամիջոցների օգտագործում 8 երկրների 25 մարզիկների կողմից, որոնց թվում` օլիմպիական խաղերի 14 մեդալակիրներ։ Ցուցակում հայտնվել է Ռուսաստանի միակ ներկայացուցիչը` Ալոյանը։ Տվյալների համաձայն` օգոստոսի 21-ին վերցված դոպինգ փորձարկումը տուամինոգեպտան նյութի առկայության վերաբերյալ դրական արդյունք է տվել։