ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի — Sputnik. Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ Նորայր Քալանթարյանը Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում ներկայացրեց մրցաշարի մանրամասները։
Նրա խոսքով, թեպետ «Երևան Օփեն» միջազգային մրցաշարն անցկացվում է առաջին անգամ, արդեն 11 երկրի 115 շախմատիստ մասնակցելու հայտ է ներկայացրել։ Նրանց թվում 23 միջազգային գրոսմայստեր կա և 8 միջազգային վարպետ:
«Նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են, հոկտեմբերի 1-ին, ժամը 18-ին միջազգային բաց մրցաշարը կմեկնարկի Շախմատի տանը։ Ամեն ինչ շատ բարձր մակարդակով է կազմակերպված»,- ասաց Նորայր Քալանթարյանը։
Նույն օրը կսկսվի և երկու օր կընթանա «Շախմատային կրթության տեսական և գործնական հիմնահարցերը դպրոցում» խորագրով միջազգային կոնֆերանսը։
Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանը հայտնեց, որ կոնֆերանսի բացման հանդիսավոր արարողությանը ներկա կլինի Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Կիրսան Իլյումժինովը:
«Միջոցառման ընթացքում կքննարկվեն մատաղ սերնդին շախմատային կյանքին ներգրավելու, դպրոցներում շախմատի դասավանդումն ընդլայնելու և շախմատին առնչվող այլ հարցեր»,- ասաց Միքայել Անդրիասյանը։
Նա նշեց, որ ելնելով դպրոցականների ցանկությունից, նախատեսվում է, որ երկրորդից չորրորդ դասարաններում պարտադիր շախմատ ուսուցանելուց բացի, ցանկության դեպքում նրանց հնարավորություն տրվի 5-րդից մինչև 9-րդ դասարաններում հաճախել շախմատի ֆակուլտատիվ պարապմունքների։