ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանը կարևոր առաքելություն ունի ռուս-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման մեջ, Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց քաղաքագետ, Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը։ Նրա խոսքով` Հայաստանն առանձին և հատուկ առաքելություն ունի, քանի որ այդ երկիրը ոչ միայն ԵՏՄ անդամ է, այլ նաև Անդրկովկասում Ռուսաստանի մերձակա դաշնակիցը։
«Այս դեպքում «միջնորդ» բառը սխալ է։ Հայաստանին կարելի է անվանել Ռուսաստանի և Իրանի միջև տնտեսական հարաբերությունների օպերատոր։ Հայաստանը յուրօրինակ հարթակ է ռուս-իրանական հարաբերությունների համար։ Դա կարող է չափազանց շահավետ լինել թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի, թե՛ Հայաստանի համար», — ասաց Մարտինովը։ Քաղաքագետը պատասխանեց նաև այն հարցին, թե ինչ կտա Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին։
«Ռուսաստանի և ԵՏՄ-ի սկզբունքային դիրքորոշումն այն է, որ ոչ ոք ոչ մեկին ոչինչ չի արգելում։ Հակառակը` ողջունելի է, երբ երկրները, լինելով ԵՏՄ անդամ, միևնույն ժամանակ լավ և կանոնավոր հարաբերություններ ունեն Եվրամիության հետ։ Դա վերաբերում է նաև Հայաստանին», — նշեց փորձագետը։
Մարտինովը կարծում է, որ մյուս կողմից ԵՄ-ում մինչև վերջերս գործում էր հետևյալ մարտավարությունը` «ասոցիատիվ հարաբերություններ եք հաստատում կա՛մ ԵՄ-ի, կա՛մ Ռուսաստանի հետ»։ Նրա խոսքով` հիմա այդ մասին չի խոսվում, հատկապես այն բանից հետո, երբ արևմտյան երկրները բախվեցին Ուկրաինայի հետ կապված իրավիճակին։
«Երբ նրանք «վառվեցին» Ուկրաինայի հարցում և տեսան, թե դա ինչի հանգեցրեց, հասկացան` անիմաստ է ինչ-որ արգելքներ կառուցել և պատժամիջոցներ հորինել։ Հակառակը, նրանք հիմա ստիպված են հարաբերություններ կառուցել, շփման եզրեր գտնել ողջ աշխարհի հետ, ինչպես նաև ստեղծել իրավիճակ, որը ձեռնտու է բոլորին և չկան պարտվողներ»,- ասաց Մարտինովը։ Նրա խոսքով` այդ իրավիճակն ընդունված է անվանել Twin Twin։