ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Ռուսաստանի առցանց լրատվամիջոցների երիտասարդ լրագրողներն ու ղեկավարները սեպտեմբերի 27-28-ը կմասնակցեն «Ժամանակակից լրատվություն. պատրանքների ստեղծո՞ւմ, թե իրականության արտացոլում» Միջազգային հարավկովկասյան համաժողովին։
Կազմակերպիչները նշում են, որ նախագծի նպատակն է մշտական կապեր ձևավորել Հարավային Կովկասի և Ռուսաստանի պետությունների ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջև, ինչը կնպաստի տարածաշրջանային առանցքային խնդիրների անաչառ լուսաբանմանը, ընդհանուր հումանիտար տարածության զարգացմանը, միջմշակութային երկխոսության, բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը, Հարավային Կովկասի երկրների և Ռուսաստանի միջև երիտասարդ սերնդի ներկայացուցիչների փոխըմբռնման և փոխգործակցության հաստատմանը։
Համաժողովի ընթացքում կհնչեն դասախոսություններ, բանավեճեր, վարպետության դասեր կկազմակերպվեն մեդիաշուկայի արդի ասպեկտների և զարգացման հեռանկարային միտումների վերաբերյալ։ Կքննարկվեն սոցիալական ցանցերում աշխատելու սկզբունքները, հասարակական կարծիքի ձևավորման տեխնոլոգիաները, ազգային կոնտենտի հետ աշխատելու առանձնահատկությունները։
Միջոցառումը կազմակերպել է «Հյուսիս-Հարավ» կովկասյան տարածաշրջանի երկրների հետ տեղեկատվական և գիտական կապերի զարգացման քաղաքական կենտրոնը»` ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի և «Երիտասարդության ռուսական միության» համառուսական հասարակական կազմակերպության աջակցությամբ։
Համաժողովի ընթացքում ելույթ կունենան հայտնի փորձագետ-քաղաքագետներ, միջազգային լրագրողներ, Ռուսաստանի առաջատար լրատվական հոլդինգների ղեկավարներ` «Ռոսսիա սեգոդնյա» ՄԼԳ-ի մուլտիմեդիոն կենտրոնների տնօրինության տնօրեն Անդրեյ Բլագոդիրենկոն, Միջէթնիկ լրագրության գիլդիայի նախագահ Մարգարիտա Լյանգեն, «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց» Ազգային հետազոտական համալսարանի մեդիահաղորդակցությունների ֆակուլտետի պրոֆեսոր Օլեգ Դմիտրիևը և ուրիշներ։
Նշենք, որ 2011թ-ի վերջին Սոչիում Երիտասարդ լրագրողների դպրոց էր կազմակերպվել, որի բացմանը մասնակցել էր Սոչիի քաղաքապետը, իսկ հյուրերի ցանկում ընդգրկվել էին հայտնի գեղասահորդուհի Իրինա Ռոդնինան, անվանի մարզական լրագրողներն ու մեկնաբանները։ 2011-ի դպրոցը նվիրված էր ձմեռային օլիմպիադային, իսկ 2016թ-ի դպրոցը կազմակերպվել է մեկ այլ նշանակալի իրադարձության` ԱՊՀ-ի 25-ամյակի տարում։