ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի, Sputnik-ի մամուլի ծառայություն — Sputnik.Կարծիք հարցման տվյալներով` եվրոպական երկրների բնակիչները չեն հավատում, որ ազգային անվտանգության հարցերի լուծման գործում կարող են դեր ունենալ իրենց երկրներում տեղակայված արտասահմանյան ռազմակայանները։ Գերմանիայում անցկացված հարցման մասնակիցների միայն 4 տոկոսը և Իտալիայում հարցվածների 5 տոկոսն է կարծում, որ արտասահմանյան ռազմակայանները կարող են ավելի լավ պաշտպանել երկիրը, քան ազգային բանակը։
Տվյալները ստացվել են հարցման արդյունքում, որն անցկացրել է Ifop հետազոտական ընկերությունը Sputnik տեղեկատվական գործակալության և ռադիոյի պատվերով։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հաշվետվության համաձայն` 2015թ-ին ԱՄՆ-ի սահմաններից դուրս գտնվել է 587 ռազմական օբյեկտ։
Եվրոպայում ռազմական օբյեկտների թվով առաջատար է Գերմանիան, Իտալիայում նույնպես կան ամերիկյան ռազմածովային և բանակային ուժեր։ Այն հարցին, թե «ով ավելի լավ կպաշտպանի ձեր երկիրը», գերմանացիների 38 տոկոսը և իտալացիների 34 տոկոսը պատասխանել է, որ երկիրն ավելի լավ կպաշտպանի ազգային բանակը` առանց արտասահմանյան ռազմակայանների։ Գերմանիայի բնակիչների 37 տոկոսը և Իտալիայի բնակիչների 34 տոկոսն էլ կողմ է, որ իրենց երկրները պաշտպանեն ազգային բանակը և արտասահմանյան բազաները միաժամանակ։ Գերմանիայում հարցվածների 21 տոկոսը, իսկ Իտալիայում 27 տոկոսը չի կարողացել պատասխանել այդ հարցին։
Հարցախույզն իրականացրել է IFop ֆրանսիական հետազոտական ընկերությունը` Sputnik տեղեկատվական գործակալության և ռադիոյի պատվերով։ Հարցումն անցկացվել է 2016թ-ի հունիսի 28-ից հուլիսի 4-ը Գերմանիայում (1004 մարդ) և Իտալիայում (1002 մարդ)։
Ընտրանքն իրականացվել է ըստ հարցվածների սեռի, տարիքի և բնակության վայրի։ Տվյալների անճշտության առավելագույն մակարդակը կազմում է ավելի քան 3,1%` 95% վստահության հավանականության դեպքում:
Հասարակական կարծիքի ուսումնասիրման միջազգային նախագիծը մեկնարկել է 2015 թվականի հունվարին։ Գործընկերն են Populus, Ifop և Forsa հայտնի հետազոտական ընկերությունները։ Sputnik.Կարծիք նախագծի շրջանակում կանոնավոր կերպով հասարակական կարծիքի հարցումներ են անցկացվում Եվրոպայի և ԱՄՆ-ի երկրներում առավել արդիական սոցիալական և քաղաքական հարցերի վերաբերյալ։
Sputnik-ը (sputniknews.com) լրատվական գործակալություն է և ռադիո` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 30 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն լեզուներով: