ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Նախագիծն ընդունվեց 2 դեմ, 77 կողմ և 9 ձեռնպահ ձայներով:
Մինչ նախագծի քվեարկությունը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր ելույթում նշեց, որ երեկ նախագծի քննարկման ընթացքում մի քանի առաջարկներ էր ներկայացրել, և ցանկանում է իմանալ` ընդունվել են դրանք, թե ոչ: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատգամավորին տեղեկացրեց, որ երեկ հնչած բոլոր առաջարկների մասին պատգամավորները կտեղեկացվեն օրինագծի երկրորդ ընթերցման ժամանակ:
Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծով առաջարկվում է Էկոնոմիկայի նախարարությունը վերանվանել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, Տրանսպորտի և կապի նախարարությունը՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը՝ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն և վերացնել Քաղաքաշինության նախարարությունը:
Նախագծի երկրորդ ընթերցումը ևս նախատեսվում է անցկացնել ԱԺ-ի արտահերթ նիստի ընթացքում: