ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. 3-5 տարեկան երեխաները դեռ չեն հասկանում` ինչ ասել է մահ: Որպես կանոն՝ մանկության այս հասակում երեխաները կորցնում են տատիկին կամ պապիկին: Երեխան պարզապես գիտակցում է, որ ընտանիքի անդամը բացակայում է: «Բայց եթե երեխան կորցնում է ծնողին կամ քույր- եղբորը, այս դեպքում մահն ավելի սարսափելի է թվում երեխային»,- ասում է հոգեբան Իրինա Ծատուրյանը` միաժամանակ խորհուրդ տալով հարազատ մարդու կարոտը մեղմելու համար երեխայի հետ ավելի հաճախ զբաղվել` խաղալ, հեքիաթներ պատմել:
Հաճախ երեխաներին բացատրում են, որ ընտանիքի անդամը ոչ թե մահացել է, այլ՝ քնել: Հոգեբանն այս տարբերակն ուղղակի արգելում է:
«Կտրականապես արգելվում է«մահանալ» բայը փոխարինել «քնել» բայով, որովհետև երեխան ու նրա հարազատներն ամեն օր քնում են, և չի բացառվում, որ նման անզգույշ արտահայտություններից մահվան վախ առաջանա երեխայի մոտ: Երեխաները սկսում են շատ վատ քնել, անհանգիստ լինել, առաջանում է գիշերամիզություն: Այսինքն` երեխայի նյարդային ֆոնը դառնում է անկայուն, որն անհետևանք չի մնում անգամ մեծ տարիքում»,- ասում է հոգեբանը:
Իրինա Ծատուրյանը նշում է, որ երեխան աշխարհն ընկալում է մեծահասակի ռեակցիայով, ուստի եթե երեխայի դաստիարակությամբ զբաղվող մարդը ադեկվատ է տանում հարազատի մահը, երեխան ևս շատ հանգիստ է վերապրում այն, հակառակ դեպքում երեխայի մոտ առաջանում են վախեր ու հոգեբանական խնդիրներ:
Տարածված մեկ այլ տարբերակ է նաև ավելի մեծ տարիքի երեխաներից հարազատի մահվան փաստը թաքցնելը: Երեխային խնայելու ձգտումը, սակայն, այս դեպքում, մասնագետի դիտարկմամբ, երեխային կրկնակի հարված է հասցնում: Ճշմարտությունն իմանալուց հետո երեխան նախ գիտակցում է, որ իրեն խաբել են և դադարում է վստահել մեծահասակներին, բացի այդ, վաղ թե ուշ իմանալով ճշմարտությունը` երեխան միևնույն է վերապրում է նույն ողբերգությունը` պարզապես փոքր-ինչ ավելի ուշ:
Հոգեբանի համոզմամբ` երեխան պետք է մանկուց գիտակցի մահվան անխուսափելիությունը, բայց իր համար անվնաս եղանակով:
«Եթե մարդուն մանուկ հասակում «բամբակի մեջ են պահում», մեծ հասակում նա շատ ավելի ծանր է տանում հարազատի մահը»,- ասում է Իրինա Ծատուրյանը:
Հայ առաքելական եկեղեցին ևս այս հարցի վերաբերյալ իր մոտեցումն ունի: «Երեխան մահվան իրողությունը պետք է աստիճանաբար գիտակցի»,- ասում է Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը` խորհուրդ տալով ձեռնպահ մնալ երեխային հարազատի մահվան լուրը միանգամից հայտնելուց:
«Հարազատի մահվան մասին իմանալով` երեխայի մոտ խորը դատարկության զգացում է առաջանում, և պետք է փորձել այդ դատարկությունը ինչ-որ չափով լցնել,- ասում է նա,- որքան կարևոր են երեխայի նախնական գիտելիքները, կարծում եմ` շատ ավելի կարևոր է երեխայի նկատմամբ կորստից հետո տարվող աշխատանքը` դատարկությունը լցնելը, կորստի ցավը մեղմելը»:
Եկեղեցականը չի ընդունում նաև երեխաների մասնակցությունը հոգեհանգստի, հուղարկավորության արարողություններին:
Հոգեբան Իրինա Ծատուրյանի և Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի զրույցի ամբողջական տարբերակը կարող եք ունկնդրել Sputnik Արմենիայի եթերում, «Կաղապարից դուրս» հաղորդման շրջանակում: