ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. Վոլգյան Բուլղարիայի պատմական պետության մայրաքաղաքում, իսկ ավելի ուշ Ոսկե Հորդայի խոշորագույն քաղաք Բուլղարում հայերի բնակավայրը գոյություն է ունեցել IX դարից, հայտնում է rusarminfo-ն։
Բնակավայրը հայ վաճառականները հիմնել են Վարյաժսկայա և Շյոլկովի առևտրային ճանապարհների հատման վայրում։
Գիտնականները հաստատում են, որ Վոլգյան Բուլղարիան հնում բնակեցված է եղել հայերով։
Մշակութաբան, Լիխաչովի անվան մշակութային և բնական ժառանգության գիտահետազոտական ռուսական ինստիտուտի գիտական աշխատանքի գծով տնօրենի տեղակալ Պավել Շուլգինի խոսքով` հնագետներն ուսումնասիրում են այն նյութական վկայությունները, որոնք ապացուցում են, որ Բուլղարի տարածքում IX-X դարին պատկանող հին եկեղեցի է եղել։ Գիտնականները համոզված են, որ հին քաղաքի տարածքում գտնվող առաջին քրիստոնեական վանքը հայկական է եղել։