ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Շուրջ 10 ռոք խումբ ու անհատ կատարող և մոտ 2 հազար հանդիսատես սեպտեմբերի 25-ին կհամախմբվեն Գյումրու պատմաճարտարապետական ամենագեղեցիկ կառույցներից մեկի՝ 19-րդ դարից մեզ հասած Սև ամրոցի տանիքի տակ: Վերականգնումից հետո առաջին անգամ ամրոցն իր դարպասները կբացի հանդիսատեսի առաջ՝ ցուցադրելով այն հնարավորությունը, որն այսուհետ կունենա Գյումրին համերգներ ու տարբեր մշակութային միջոցառումներ կազմակերպելու համար:
Փառատոնն անցկացնում է «Ծիրանափող» մշակութային, երիտասարդական կազմակերպությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության, Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ, Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի և «Գյումրու օր» տոնակատարությունների շրջանակում:
Փառատոնի հրավիրատոմսեր ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց թիվը մեծ է, իսկ հյուրընկալ քաղաքի հնարավորությունները՝ սահմանափակ:
«Տեղերը սահմանափակ են, ցավոք բոլորին չենք կարող հրավիրատոմսով ապահովել. միայն 2 հազար մարդ կարող է ներկա լինել փառատոնին»,- նշեց «Ծիրանափող» կազմակերպության նախագահ Ղարիբ Հարությունյանը՝ շեշտելով, որ մուտքը միայն հրավիրատոմսերով է:
Փառատոնի գլխավոր «հերոսը» կլինի «Բամբիռ» ռոք խումբը, ու դա բոլորովին էլ զարմանալի չէ, քանի որ Գյումրիում միշտ էլ անչափ մեծ է եղել ռոքի սիրահարների թիվը, իսկ այսօր արդեն ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում հայտնի «Բամբիռը» հենց Գյումրու ծնունդ է:
«Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակը մենք ուզեցինք փոփոխություններով նշել: Ռոք փառատոնի գաղափարը ծնվեց շրջագայություններից մեկի ժամանակ, երբ փառատոնի գեղարվեստական ղեկավար Տիգրան Վիրաբյանի հետ մտածեցինք, որ կարելի է այս անգամ Գյումրու օրը տարբերել մյուսներից՝ հարսանիքներում երգող մեր սիրելի երգիչների փոխարեն այլ երգիչների հրավիրել ու ավելի արժեքավոր համերգ կազմակերպելով»,- ասաց «Բամբիռ» խմբի անդամ Նարեկ Բարսեղյանը՝ նշելով, որ բյուջեն շատ սահմանափակ էր, և այդ պատճառով դիմել են իրենց երկրպագու-ընկերներին, որոնք ցանկություն են հայտնել գալ Հայաստան ու կյանքի կոչել առաջին միջազգային փառատոնը:
«Մի քանի տարի անց կտեսնեք, թե ինչ հրաշալի փառատոն կունենանք»,- նշեց Նարեկ Բարսեղյանը:
Բացի ռոք փառատոնից, տոնակատարությունների շրջանակում սեպտեմբերի 25-ին կկազմակերպվի նաև «Երեխաներ և գույներ» մանկական միջոցառումը, Գյումրու Պարարվեստի դպրոցի նորակառույց շենքի, «Քըրք Քըրքորյանի անվան» փողոցի, Գյումրու երիտասարդական պալատի բացման արարողությունները, «Հացի և արհեստների փառատոնը», Aratta Band-ի համերգը, ռեփ-համերգ, տոնական համերգ և հրավառություն Վարդանանց հրապարակում: