ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Էդվարդ Նալբանդյանն իր ելույթում նշել է, որ Ադրբեջանը համառորեն հրաժարվում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների և սանձազերծած ագրեսիայի հետևանքով 1980-ականների վերջից և 1990-ականների սկզբից հայերը ջարդերի ենթարկվեցին և արտաքսվեցին իրենց բնակավայրերից: Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Անդրեյ Սախարովը դա որակեց որպես հայ ժողովրդի հանդեպ նոր ցեղասպանության վտանգ:
«Այս տարի ևս, ապրիլի սկզբին Ադրբեջանը, կոպտորեն խախտելով հրադադարի համաձայնագիրը, նոր լայնածավալ ագրեսիա սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ՝ առանց խտրականության թիրախավորելով քաղաքացիական կառույցները և բնակչությանը: Զոհերի թվում էին 12-ամյա մի տղա և 92-ամյա կին: Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի երեք զինծառայողներ ԴԱԵՇ-ին բնորոշ ոճով գլխատվել էին, ապա ցուցադրվել ադրբեջանական քաղաքներում և գյուղերում, հրապարակվել սոցիալական ցանցերում: Ավելին, Ադրբեջանի ղեկավարը հրապարակայնորեն պարգևատրեց այդ հանցագործությունները կատարողներին»,- ասել է Նալբանդյանը:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև զոհվածների մարմինների փոխանակման ժամանակ արձանագրվեց, որ ադրբեջանական կողմից հանձնված հայ զինծառայողների մարմինների վրա առկա էին կտտանքների և խոշտանգումների անհերքելի նշաններ: Նալբանդյանի խոսքով՝ նման զարհուրելի ոճրագործությունները հեռու են քաղաքակիրթ աշխարհի տարրական նորմերից և միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներ են հանդիսանում:
«Ապրիլյան ագրեսիան լուրջ վնաս է հասցրել խաղաղ գործընթացին: Հակամարտության խաղաղ կարգավորման հանդեպ վստահության վերականգման համար անհրաժեշտ է ձեռնարկել միջոցներ, որոնք կկանխեն ուժի կիրառումը և խաղաղ գործընթացի առաջմղմանը նպաստող պայմաններ կստեղծեն: Սա էր մայիսին Վիեննայում և հունիսին Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովների գլխավոր նպատակը: Նախևառաջ, հրամայական է այս գագաթաժողովների ընթացքում արձանագրված և ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացումը. առաջին, 1994-1995 թթ.-ի հրադադարի եռակողմ, անժամկետ համաձայնագրերի լիակատար իրականացում, երկրորդ, հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծում և, երրորդ, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնում»,- ասել է արտգործնախարարի պաշտոնակատարը:
Նրա խոսքով՝ ի հեճուկս այս ամենին, Արցախի ժողովուրդը կարողացել է ինքնապաշտպանվել և ստեղծել ազատ և ժողովրդավար հասարակություն:
Միջնորդ պետությունների՝ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ համատեղ Հայաստանը շարունակելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը:
«Եռանախագահները հռչակել են հիմնախնդրի հանգուցալուծման քաղաքակիրթ բանաձևը՝ քվեաթերթիկներ փամփուշտների փոխարեն: Համանախագահ երկրների նախագահների կողմից ներկայացված առաջարկությունն ամրագրում է Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա որոշումը` նրա բնակչության իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտման միջոցով: Միջնադարյան բարբարոսության մտածելակերպով առաջնորդվողները, ինչը դրսևորվեց ապրիլին, հազիվ թե կարողանան ընդունել ժամանակակից աշխարհի քաղաքակիրթ մոտեցումները»,- ասել է Նալբանդյանը:
Ղարաբաղյան հակամարտությունը սրվեց ապրիլի 2-5–ն ընկած ժամանակահատվածում։ Երևանը հայտարարեց, որ Ադրբեջանը նախահարձակ գործողություններ է սկսել, Բաքուն էլ իր հերթին հայտարարեց, որ հայկական կողմն է կրակում Ադրբեջանի ուղղությամբ։ Պաշտոնական տվյալների համաձայն` հակամարտության երկու կողմն էլ զոհեր ունեցան, այդ թվում` խաղաղ բնակիչների շրջանում։
Ապրիլի 5-ին Մոսկվայի աջակցությամբ կողմերը պայմանավորվեցին դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն շփման գծում խախտումները շարունակվում են մինչ օրս։ Մայիսի 16-ին Վիեննայում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` հակամարտության թեժացումից հետո առաջին հանդիպումը, որին մասնակցեցին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։
Սարգսյան-Ալիև հանդիպմանը համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդեցին 1994թ.–ի զինադադարի և 1995թ.–ի զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն ձեռք բերվեց քայլեր ձեռնարկել դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ։