ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik, Անի Լիպարիտյան. Սևանավանք տանող աստիճանների վրա հանդիպեցինք Իրանից, Ռուսաստանից, Գերմանիայից և Բելառուսից եկած զբոսաշրջիկների:
Պիտի սպասեինք Սևանավանքի վանահայր Տեր Մինաս քահանա Մարտիրոսյանին. Այդ ընթացքում Սուրբ Առաքելոց եկեղեցում մկրտության արարողություն էր ընթանում:
Վանահոր հետ զրույցը սկսվեց Սևանավանքի լեգենդներից: Տեր հայրն ասաց, որ լեգենդների փոխարեն նախընտրում է խոսել եկեղեցու հետ կապված փաստերի մասին: Տեր Մինասի խոսքով՝ տարբեր կրոնների ներկայացուցիչներ են եկեղեցի այցելում: Օրինակ՝ մահմեդականները գալիս են պատմական արժեք ներկայացնող եկեղեցիները տեսնելու համար: Լուսանկարում ենք եկեղեցիները, նկարվում դրանց ֆոնին և հեռանում:
«Իսկ եվրոպացի զբոսաշրջիկների շարքում հաճախ կարելի է հանդիպել հավատացյալների, քրիստոնյաների խմբերի՝ հոգևորականների ղեկավարությամբ: Նրանք մոմ են վառում, աղոթում, երբեմն մասնակցում են եկեղեցական արարողությանը»,- ասաց նա:
Տեր Մինասի խոսքով՝ երբեմն հարցնում են, թե երբ է պատարագ անցկացվելու, որպեսզի ժամանակին գան ու ներկա լինեն արարողությանը: Եվրոպացիներին հատկապես գրավում է Ավագ շաբաթը:
Վանահոր խոսքով՝ ցուրտ եղանակը խոչընդոտ չէ զբոսաշրջիկների և հավատացյալների համար: Նրանք ցանկացած եղանակի էլ այցելում են Սևանավանք:
«Սևանավանքի պատմությունը սկիզբ է առել 4-րդ դարում, երբ սուրբ Գրիգոր Լուսավորիչը և Տրդատ 3-րդ արքան քրիստոնեությունը հռչակեցին որպես պետական կրոն: Այստեղ հեթանոսական մեհյան է եղել, որի տեղում կառուցել են Սուրբ Հարություն եկեղեցին, որը, սակայն, 10-րդ դարի վերջին ավերվել է երկրաշարժի հետևանքով: Այստեղ կառուցվել է Սուրբ Կարապետ եկեղեցին, որը նույնպես տուժել է երկրաշարժից, բայց վերականգնվել է տեղի բնակիչների ջանքերով», — ասաց Տեր Մինասը:
Նրա խոսքով՝ մինչև 9-րդ դարը Սևանավանքի մասին քիչ տեղեկություններ են պահպանվել: Այդ շրջանում այստեղ է ապրել Աշոտ Բ թագավորը (Աշոտ Երկաթը): Հենց այստեղ է նա փակել Սևանի ափ դուրս եկած արաբների ճանապարհը: Այդ կռվին հայ թագավորի սակավամարդ ջոկատից բացի, մասնակցել են նաև ճգնավորները: Հայկական կողմը ջախջախիչ պարտության է մատնել արաբներին: Վանականները բացատրել են դա Աստծու կամքով, իսկ Աշոտ Երկաթը՝ իր արիությամբ:
Վանքը վերելք է ապրել Մաշտոց Եղիվարդեցու առաջնորդության տարիներին: 13-րդ դարի մատենագիր, Սյունիքի մետրոպոլիտ Ստեփանոս Օրբելյանն այսպես է նկարագրում.
«Այս ժամանակ Սևանա կղզում հռչակված առաքինությամբ փայլում էր երանելի Մաշտոցը… Բազում ճգնություններից հետո երազում հրաման է ստանում եկեղեցի կառուցել տասներկու առաքյալների անունով, ու միաբանություն հաստատել։ Եվ դրա համար, երազի մեջ, լճի վրայով նրա մոտ են գալիս տասներկու առաքյալները ու նշանակում եկեղեցու տեղը։
Ահա այդ երևումից ու աստվածային ազդեցությունից մղված` մեծ տիկին Մարիամը` Վասակ Սյունու կինը, գալիս է սուրբ Մաշտոցի մոտ, բազում թաղանձանքներով նրան համաձայնեցնում է, և ձեռնարկելով կառուցում են գեղեցկազարդ եկեղեցիները` մեկը սուրբ առաքյալների, մյուսը` Սուրբ Աստվածածնի անունով։ Զարդարելով մեծամեծ սպասքներով` կանգնեցնում են աստծու տունը և աստվածակիր մարդկանց բնակարանը հայոց երեք հարյուր քսաներեք թվականին (874 թ.)»։
Մարիամը ուխտել էր 30 եկեղեցի կառուցել իր վաղամեռիկ ամուսնու հիշատակին, բայց հասցրեց կառուցել միայն երկուսը:
«Սևանավանքը մի քանի կաթողիկոս է նվիրել մեզ՝ Մաշտոց Եղիվարդեցի, Ստեփանոս, Սարգիս: Սևանավանքը գործել է մինչև 20-րդ դարի 20-ական թթ-ը, երբ հաստատվել է խորհրդային իշխանությունը: Այդ ժամանակ շատ եկեղեցիներ են փակվել»,- պատմեց Տեր Մինասը:
Եկեղեցին տուժել է 1936թ-ին երկրաշարժից, բայց 1990թ-ից սկսած՝ վերածնվել է և ապրում է հոգևոր լիարժեք կյանքով:
Խորհրդային իշխանության առաջին տարիներին վանքի ունեցվածքը բռնագրավվեց: 1926թ.-ին Սևանա կղզին որպես հանգստավայր տրամադրվեց ներքին գործերի ժողկոմատին: Հենց աստվածամերժության այդ շրջանում էլ քանդվեց Ս. Աստվածածին եկեղեցին: Հետագայում վանքը վերածվեց թանգարանի: 1990թ. Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գարեգին եպիսկոպոս Ներսիսյանի (1999-ից.` Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոս) նախաձեռնությամբ և Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա. կաթողիկոսի օրհնությամբ վերաբացվեց Սևանավանքը: Նույն թվականին բացվեց նաև Սևանի հոգևոր դպրանոցը, որը 1994թ.-ին վերանվանվեց Վազգենյան հոգևոր դպրանոց: