Կապույտի բոլոր երանգները մեկտեղած լիճը, որն ավելի շատ տաղանդավոր նկարչի հրաշք ստեղծագործություն է թվում, քան իրականություն, ստիպում է կորցնել աշխարհագրական դիրքդ, ու քեզ պատկերացնում ես մոլորակից դուրս, ինչ-որ դրախտային մի վայրում։ Ու սա Հայաստանն է, հայկական հողի վրա կապույտ ձեռագիր գծած հրաշքը, որը հայերը շատ հաճախ ծով են անվանում։
Բնության նվերը
Եթե ոմանց համար Սևան ուղևորվելը «ջրի ճամփա» է, ապա ինձ համար, որքան էլ պաթետիկ հնչի, դա պատմական ուղևորություն էր։ Հավանաբար պատճառն այն էր, որ այդ կողմերում եղել էի շատ փոքր տարիքում ու, բնականաբար, աղոտ պատկերներ էին մնացել հիշողությանս մեջ։
Հասանք Սևան, որոշեցի միայնակ շրջել ափով, ու գուցե չհավատաք, բայց լիճն ինձ իր սիրտը նվիրեց։
Ահա այն` Սևանի ընծան։ Ափը ողողած քարերի արանքից գլուխն էր ցցել սրտաձև քարը։ Զգացի, որ հուզվում եմ։ Սևանի արևն ու ջուրն իր մեջ ամփոփած քարը վերցրի ու պահեցի մոտս. չէի կարող անտարբեր անցնել։
Զբոսաշրջիկներ, երաժշտություն և խեցգետին
Գեղարքունիքի մարզը գեղեցկացնող լճի ափերը տարբեր են` մի հատվածում` ավազոտ, մյուսում` քարքարոտ, հողոտ։ Ծովի մակերևույթից 1900 մետր բարձրության վրա գտնվող այս գեղեցկուհին նաև վտանգավոր է։ Լավ կլինի` լողալ չիմացողները ափից շատ չհեռանան, որովհետև ջուրը քաղցրահամ է ու սառը, իսկ դա կարող է ջղակծկումներ առաջացնել։
Ամռանը Սևանա լճի ափերը միշտ բազմամարդ են լինում։ Այստեղ են գալիս աշխարհի ու Հայաստանի տարբեր ծայրերից։ Գալիս են հանգստանալու և հիանալու։ Սևանա գեղեցկուհին տարվա բոլոր եղանակներին պատրաստի «բնորդուհի» ու մուսա է նկարչի, երաժշտի ու պոետի համար։
Ոմանք նավակ են նստում, ոմանք մոտորանավակ վարում։ Շատերը նախընտրում են վրաններով հանգիստը հենց Սևանի ափին։ Ժամանակ առ ժամանակ այստեղ փոքր համերգներ են կազմակերպվում խարույկի մոտ։
Հուլիսի կեսերին այստեղ է անցկացվել «Հուսո առագաստ» հեղինակային երգի փառատոնը։ Սևանի ափին ելույթ են ունեցել հայտնի ու սկսնակ երաժիշտները։
Սևանի մշտական այցելուների ամենասիրած զբաղմունքն էլ երեկոյան ուշ ժամին խարույկի շուրջ նստած, կիթառի հնչյունների ներքո խեցգետին ու գարեջուր վայելելն է։ Իսկ ցերեկային ժամերին կարելի է այցելել Սևանավանք, որի առաջին երկու եկեղեցիները` Սբ Հարությունը և Սբ Կարապետը, հիմնել է Գրիգոր Լուսավորիչը, իսկ 9-րդ դարում վանքն ընդարձակել ու կառուցապատել է Բագրատունիների արքայական տան հիմնադիր` Աշոտ Ա Բագրատունու դուստր, իշխանուհի Մարիամը։
Սևանա լիճը կամ Գեղամա ծովը նաև իր օրն ունի. օգոստոսի 26-ին նշվում է Սևանա լճի օրը։
Բնության ստեղծած այս հրաշքի մասին կարելի է անվերջ գրել, բայց ավելի լավ է գալ ու սեփական աչքերով տեսնել այս գեղեցկուհուն։