ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Սևան Նշանյանի ընտանիքը Վիլյամ Սարոյանի մեդալի մասին իմացել է դեռևս 2014 թվականին։ Բայց նրանք նախընտրել են այն վերցնել Թուրքիայում, որպեսզի այդ երկրում ևս մեկ անգամ հնչեն Վիլյամ Սարոյանի և Սևան Նշանյանի անունները։ Մեդալը տրվեց ոչ միայն Նշանյանի տարիների վաստակի համար, այլև որպես զորակցություն։
Թուրքիայում ծնված հայազգի հրապարակախոսը տարիներ ի վեր քննադատաբար է արտահայտվել թուրքական իշխանությունների հասցեին, դատապարտել է հայոց ցեղասպանությունն ու հայհոյել Մուհամմեդ մարգարեին։ Սակայն մի օր նրան մեղադրանք է առաջադրվել իր փոքրիկ հողատարածքում նույնքան փոքր տուն կառուցելու և տեղական իշխանության համաձայնությանը չսպասելու համար։
Տարածաշրջանային հարցերի փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը վստահեցնում է, որ հանրապետական Թուրքիայի պատմության մեջ դրա համար 8 տարվա ազատազրկման մարդուն չեն ենթարկում։
«Պատժվում է միայն հակաիշխանական, հակակրոնական արտահայտությունների, Մուհամմեդի մասին արած հայտարարությունների ու սուր խոսքերի պատճառով։ Բանտում էլ իր լեզուն կարճ չպահեց, Էրդողանի մասին հայտարարություն արեց ու նրա նկատմամբ իրար հետևից հայցեր ներկայացվեցին։ Հաշվարկվեց, որ եթե այդ հայցերը բավարարվեն, մոտ 250 տարի նա բանտում կանցկացնի»,-ասաց Հացպանյանը։
Նրա խոսքով` Թուրքիայում հայկական մամուլը ոչ մի կերպ չաջակցեց Նշանյանին, քանի որ տեղի հայ համայնքում իշխում են վախերը։
Նշանյանին մեր զրուցակիցը նկարագրեց որպես մտավորական, որն ունի խենթ ու համարձակ գաղափարներ, չի սիրում խոչընդոտներ ու առաջ է շարժվում։
«Նա ուղնուծուծով մտավորական է։ Արծվի պես է, չի հասկանում, որ խոչընդոտ կա, շատ տկլոր է, այդքան ազնիվ։ Թուրքիայում ադեկվատության խնդիր են դնում, կազմակերպել են, որ հոգեբույժները տեղեկանք տան։ Պարզապես Նշանյանի IQ-ն շատ բարձր է։ Փոքրուց վունդերկինդ էր, արագ է անցել անգամ դպրոցական կյանքը»,-ասաց Հացպանյանը։
Արման Նշանյանի ամենահայտնի գրքերից է «Սուտ հանրապետությունը», որտեղ նա անդրադարձել է Թուրքիայի պատմությանը, ուղենշել դրա բաց ու հանցավոր կողմերը։ Հացպանյանը հույս է հայտնում, որ հաջորդ տարվա ընթացքում հայերեն թարգմանությամբ գիրքը լույս կտեսնի։
Հացպանյանի տեղեկացմամբ` Նշանյանն այս պահին «բաց կալանքի» տակ է։ Կարող է գրել, կարդալ, համակարգչով աշխատել, իսկ տարվա մեջ մի քանի անգամ 2-3 օրով դուրս գալ։ Մինչ այդ նա գտնվում էր մարդասպանների հետ միևնույն խցում։ Հացպանյանն ասում է` մի քանի թուրք մտավորականի հրապարակային ելույթների շնորհիվ նրա պատժամիջոցը մեղմացվեց։