ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի- Sputnik. Պատրիկ Բաբումյանն աշխարհի ամենահայտնի բուսակերներից է, ինչպես նաև Գերմանիայի ամենաուժեղ մարդկանցից մեկը։ Նա ծնվել է Իրանի Աբադան քաղաքում 1979թ-ին։
Անդընդմեջ մարզումները հանգեցրել են հիրավի սենսացիոն արդյունքի։ 2011թ-ին նա նվաճել է «Գերմանիայի ամենաուժեղ մարդ» տիտղոսը, իսկ 2012թ-ին դարձել է GPA վարկածով Եվրոպայի չեմպիոն։
Տորոնտոյում տեղի ունեցած բուսակերների փառատոնում նա համաշխարհային ռեկորդ է սահմանել` 10 մետր տարել է 555,2 կգ բեռ, ինչը դեռ ոչ մեկին չի հաջողվել անել։
Պատրիկը 2005թ-ից բուսակեր է, իսկ 2011թ-ին դարձել է վեգան (խիստ բուսակեր, որն իր սննդակարգից բացառում է կենդանական ծագման մթերքը` միս, ձուկ, ձու, կաթ և կաթնամթերք, կենդանական ծագման ձկնամթերք)։
Պատրիկը խոստովանում է, որ բուսակերությանն անցնելու մասին որոշումը ոչ թե տրամաբանական, այլ զգացմունքային է եղել։
Նա չի խորհրդակցել դիետոլոգների, բժիշկների, մարզիչների հետ։ ՈՒտում է կարտոֆիլ, ոսպ, ընդեղեն։ Այդ ամենը նրան թույլ է տալիս հասնել նման բարձունքների։
Պատրիկը պնդում է, որ անհրաժեշտ է օգտագործել միայն բավարար քանակությամբ պրոտեին։ Դրա համար նա օգտագործում է բրինձ, կարտոֆիլ, վարսակ, միրգ, բանջարեղեն և կանաչեղեն, ինչպես նաև սոյայի կաթ, բուսական և մրգային կոկտեյլներ։
Բաբումյանը եղել է Հայաստանում` Արագածոտնի մարզի գյուղերից մեկում, որտեղ հետաքրքրվել է տեղի մարզասրահով՝ վերանորոգմանն աջակցելու նպատակով։ Նա նաև իր հարսնացուի հետ միասին գիրք է գրել բուսակերությանն անցնելու դրդապատճառների և անձնական մոտեցման մասին։
Նա կենդանիների իրավունքների պաշտպանության PETA ընկերության և «Խոտակերներ» կազմակերպության դեմքն է։