ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբեի — Sputnik. Քաղաքաշինության նախարարությունն առաջարկվում է դարձնել կոմիտե, Տրանսպորտի և կապի նախարարությանն ավելացնել «տեղեկատվական տեխնոլոգիաներ» բառերը, Էկոնոմիկայի նախարարությունը վերանվանել Ներդրումների և ձեռնարկությունների աջակցման նախարարություն, Էներգետիկայի նախարարությունն էլ` Էներգետիկայի ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն, ավիացիան էլ ընդգրկել Տրանսպորտի և կապի նախարարության մեջ։
Առաջարկվեց նաև Էկոնոմիկայի նախարարությունից հանել զբոսաշրջության վարչությունը և դարձնել կոմիտե, ստեղծել Ճարտարապետության և մշակութային արժեքների պահպանության կոմիտե։
«Ես գիտեմ, որ մշակույթի նախարարը համամիտ չէ, բայց դա պետք է»,- ասաց Կարապետյանը և խնդրեց, որ շեշտադրումն անպայման լինի։
ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը հակադարձեց նորանշանակ վարչապետին։
«Մենք լրջորեն վտանգելու ենք մշակութային արժեքների պահպանությունը։ Խնդրում եմ ևս մեկ անգամ այս հարցը քննարկել»,- ասաց Հասմիկ Պողոսյանը։
Արծվիկ Մինասյանի համար էլ ցանկալի չէր «էկոնոմիկա» բառը հանելը ու մտահոգիչ այն փաստը, որ առևտրի հատվածը չի երևում անվանման մեջ։ Մինասյանն առաջարկեց նաև ուշադրության կենտրոնում պահել այն հարցը, որ ավիացիոն խնդիրները կապված են ոչ միայն էկոնիմիկայի, այլև տեխնիկական հարցերի հետ։
«Էկոնոմիկան ես պատկերացնում եմ շատ ավելի լայն, քան միայն ներդրումներն են կամ ձեռնարկատիրության աջակցությունը։ Դրա համար, ընդունելով հանդերձ Ձեր կատարած շեշտադրումը, որ հատկապես ներդրումների և ձեռնարկատիրության աջակցությունը պետք է առաջնային ուղղություն լինի, ինձ մտահոգում է մի քանի հարց, որոնք էկոնոմիկայի նախարարության լիազորությունների տիրույթում են, սակայն անվանման մեջ չի երևում։ Օրինակ` արտաքին առևտուրը, որը համարվում է մեր տնտեսության շարժիչ ուժը։ Մենք ունենք ԵՏՄ, Եվրամիության հետ արտոնյալ ռեժիմ, որոնք հատուկ քաղաքականության տեսակետից պետք է վերաբերմունքի արժանանան»,– ասաց Մինասյանը։
Կարեն Կարապետյանը մանրամասնեց, որ բառի փոփոխությունը ֆունկցիաների փոփոխություն չի ենթադրում։
«Մենք ռեալ բառ ենք հանում` «էկոնոմիկա»-ն, ոչ թե գաղափարը։ Ակցենտը փոխում ենք, որպեսզի գործարարը, ներդրողն իմանա, որ հստակ հասցե ունի»,- Արծվիկ Մինասյանին պատասխանեց վարչապետը։
Նշենք, որ սեպտեմբերի 20-ին ՀՀ նախագահի հրամանագրերով մի քանի նախարարներ ազատվել են պաշտոնից և նրանց փոխարինելու են եկել նորերը։ Մասնավորապես Աշոտ Մանուկյանը նշանակվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնում, Իգնատի Առաքելյանը` ՀՀ գյուղատնտեսության նախարարի, Վահան Մարտիրոսյանը` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի, Վարդան Արամյանը` ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնում:
Աշոտ Մանուկյանը կփոխարինի Լևոն Յոլյանին, Իգնատի Առաքելյանը` Սերգո Կարապետյանին, Վահան Մարտիրոսյանը` Գագիկ Բեգլարյանին, իսկ Վարդան Արամյանը` Գագիկ Խաչատրյանին։