ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի-Sputnik. Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի Հանրապետության հրապարակում ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին նվիրված ՀՀ զինված ուժերի զորահանդեսին:
Նախագահն իր ելույթում, մասնավորապես, ասել է.
«Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ:
Քառորդ դար առաջ այս օրը մենք կատարեցինք մեր ընտրությունը հանրաքվեի թերթիկներով, բայց բոլորս էլ գիտենք, որ մեր սրտերում և մեր հավաքական հիշողության մեջ այդ ընտրությունը վաղուց էինք կատարել:Մենք ընտրել ենք ազատությունը դեռ Հայկ Նահապետի ժամանակ: Մենք հավատարիմ ենք այդ ընտրությանը, որը դեռևս նետուաղեղի ժամանակներում ենք կատարել:
Այսօր` 21-րդ դարում զենքերը փոխվել են, բայց չենք փոխվել մենք՝ սեփական ազատությունը պաշտպանելու մեր վճռականությամբ:
Վկան այս զորահանդեսն է:
Կեցցե՛ն Հայաստանի սահմաններն աչալուրջ հսկող մեր տղաները. նրանք մեր ազատության թիվ մեկ երաշխավորն են: Փա՛ռք Արցախյան ազատամարտը կերտած անմահ հերոսներին և մեր բոլոր քաջարի տղաներին: Փա՛ռք ապրիլյան մեր կորյուններին, որ հօդս ցնդեցրին հակառակորդի բոլոր ծրագրերը:
Ամիսներ առաջ հետախույզ-գնդացրորդ Սասուն Մկրտչյանի շիրիմի առաջ մեր բոլորի անունից խոստացա, որ շարունակելու ենք Սասունի և իր ընկերների սուրբ գործը, միշտ վառ ենք պահելու Արցախի և Հայաստանի նոր սերնդից ճառագող այն լույսը, որ ապրիլյան օրերին բոլորիս դարձրել էր միասնական. միասնական մեկ բռունցք՝ պատրաստ իջնելու մեր անվտանգությանը սպառնացող ոսոխի գլխին: Մենք մեր խոստումը պահելու ենք»: