ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. Աշխարհի տարբեր անկյուններից հավաքված գրականագետները և գրողները սեպտեմբերի 18-28-ը կարող են մասնակցել «Գրական տապան 2016» միջազգային փառատոնին:
«Գրական տապան» փառատոնի համակարգող Դավիթ Մաթևոսյանը փառատոնի մեկնարկից առաջ նշեց, որ այս միջոցառումը նպաստում է գրականության և ընթերցանության տարածմանը: «Գրական տապանը» հարթակ է ստեղծում տարբեր երկրների գրողների համար, օգնում հաստատել մշակութային կամուրջներ:
«Կարծում եմ, մարդիկ, որոնք ապացուցել և ապացուցում են իրենց հավատարմությունն այս գաղափարին և մասնակցում փառատոնի զարգացմանը, միշտ կմասնակցեն դրան: Մենք ստեղծել ենք միջազգային կազմակերպական հանձնաժողով, որի մեջ մտնում են իտալացի գրող Կլաուդիո Պոցանին և Վարուժան Ոսկանյանը՝ Ռումինիայից», — ասաց Մաթևոսյանը Sputnik Արմենիային:
Այս տարի փառատոնը տարբերվում է նաև քննարկվող թեմաներով: Հեղինակների մի մասը ճամփորդական նոթեր է գրում և պատմում տպավորությունները Հայաստանի մասին: Ռուս արձակագիր Լերա Մանովիչն առաջին անգամ է Հայաստանում և խոստովանեց Sputnik Արմենիային, որ ուղղակի հիացած է Երևանով:
«Երեկ զբոսնում էի երեկոյան քաղաքով: Որոշ անկյուններ ինձ հիշեցրին իմ մանկության Վորոնեժը: Մենք արդեն եղել ենք Մատենադարանում: Առաջիկա օրերին ծրագիրն ընդգրկուն է, այնպես որ, մենք ավելի լավ կծանոթանանք Երևանին»,- ասաց Մանովիչը:
Նրա խոսքով, փառատոնում հաճելի մթնոլորտ է տիրում:
«Ես հիանալի մարդկանց եմ տեսնում, և ինձ համար հետաքրքիր է կարդալ և իմանալ այն միջավայրի մասին, որտեղ նրանք ստեղծագործում են: Դու փոխանակում ես տեքստերը և հասկանում, որ հիմքը, որի վրա աճում է գրականությունը, ընդհանուր է»,- ասաց գրողը:
Միջոցառմանը մասնակցեց նաև Հայաստանի մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, որը ողջունեց հյուրերին և հանդիսատեսին:
Արդեն 8-րդ անգամ իրականացվող գրական տոնը կազմակերպվում է 2001 թվականից Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ՀԿ-ի կողմից` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և մի շարք գրական կազմակերպությունների, այդ թվում` Բեռլինի Լիտերատուրվերկշտատի, Ջենովայի պոեզիայի փառատոնի գործընկերությամբ: «Գրական տապանի» շրջանակում անցկացվում են գրքերի շնորհանդեսներ, քննարկումներ, դասախոսություններ, ընթերցումներ, վարպետության դասեր ու մի շարք այլ միջոցառումներ: Փառատոնն այս տարի անցկացվում է «Արդյո՞ք ազատն անկախ է, արդյո՞ք անկախն ազատ է: Անձ: Հասարակություն: Ազգ: Աշխարհ» (Is the Free independent, is the Independent free? Person. Society. Nation. World.) խորագրի ներքո:
Sputnik Արմենիան «Գրական տապանի» ինֆորմացիոն հովանավորն է: