ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. «Իրավապահ մարմինները թույլ չեն տվել, որ ընտրատեղամասերում լուրջ խախտումներ լինեն»,- գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ռուսաստանի ներքին գործերի նախարարությանը։
Ռուսաստանում անցկացված միասնական ընտրությունների օրը` սեպտեմբերի 18-ին, քաղաքացիները մասնակցել են յոթերորդ գումարման Պետդումայի պատգամավորների, 9 շրջանի ղեկավարների և 39 օրենսդիր ժողովների պատգամավորների ընտրություններին։
«Իրավապահ մարմինների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ընտրությունների վրա ազդեցություն ունեցող լուրջ խախտումներ չեն եղել։ Փոքր միջադեպեր են գրանցվել Ալթայի երկրամասի, Մոսկվայի, Սամարայի, Տվերի, Ռոստովի և Չելյաբինսկի շրջանների տեղամասերում և հարակից տարածքներում», — գրված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ կարգուկանոնը պահպանելու համար սեպտեմբերի 18-ին ՌԴ 85 սուբյեկտներում 97 հազար ընտրատեղամասում աշխատել է 300 հազար ՆԳՆ աշխատակից։
Բացի այդ, քվեարկությունից հետո ոստիկաններն ապահովել են ընտրական փաստաթղթերի անվտանգ տեղափոխումը տարածքային ընտրական հանձնաժողովներ։ Ոստիկանության աշխատանքը բարձր է գնահատվել Ռուսաստանի ԿԸՀ-ի և տարածքային ընտրական հանձնաժողովի ղեկավարության կողմից։