Երևան, 18 սեպտեմբերի-Sputik, Նելլի Դանիելյան. Խորհրդային տարիներին, հակառակ ընդունված կարծիքի, հաշմանդամային սպորտ մեր երկրում գոյություն է ունեցել, իսկ մարզիկները տարբեր մրցաշարարից մեդալներով են վերադարձել: Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Սամվել Ռոստոմյանը:
«Խորհրդային միության տարիներին մենք թիմեր ունեինք, որոնք մասնակցում էին մրցումների, հատկապես զարգացած էր թեթև ատլետիկան»,- հիշում է Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Սամվել Ռոստոմյանը:
Ինչ վերաբերում է ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց, նրանց համար ևս, թեև խիստ սահմանափակ, բայց կային միություններ, որտեղ հնարավորություն էր տրված սպորտով զբաղվելու:
«Տարիներ առաջ, երբ խորհրդային միությունն արդեն չկար, ես գտա հաշմանդամ մարդկանց, որոնք 70-80-ական թվականներին թիմ էին եղել և մասնակցել էին խորհրդային ինչ-որ առաջնությունների ու բազում մեդալներ ունեին»,- պատմում է Սամվել Ռոստոմյանը:
Պարալիմպիկ խաղերին Հայաստանի հավաքականն առաջին անգամ մասնակցել է 1996թ-ին՝ Ատլանտայում: Սամվել Ռոստոմյանը հիշում է, որ մեր հավաքականն այն ժամանակ 5 մարզիկ էր ներկայացնում՝ չորս առագաստանավորդ, մեկ ծանրորդ, որոնք բավական հաջող էին հանդես եկել:
Համեմատության համար հիշեցնենք, այս տարի Ռիո դե Ժանեյրոյում կայացած 15-րդ Պարալիմպիկ խաղերում Հայաստանը ներկայացել էր երկու մարզիկով: Ծանրորդ Գրետա Վարդանյանն 9 մասնակիցների մեջ զբաղեցրեց 5-րդ տեղը, լողորդուհի Մարգարիտա Հովակիմյանը՝ 7 մասնակիցների մեջ 7-րդ տեղը: