Բնապահպանի խոսքով` օզոնային շերտը կոչված է պաշտպանել մոլորակի վրա գոյություն ունեցող կյանքը, որովհետև այն թույլ չի տալիս, որ կենսոլորտ անցնեն մարդու և կենդանի օրգանիզմների համար վտանգավոր ռենտգենյան ու ուլտրամանուշակագույն առավել կարճալիք ճառագայթները ։
«Այն տարածքներում, որտեղ անցքեր են առաջացել, ակնհայտ է դարձել կոռելացիան, այդ տարածքներում խիստ աճում է մաշկի քաղցկեղով հիվանդացությունը։ Սակայն պետք է նշել, որ սա այն հազվագյուտ խնդիրներից է, որը մարդկությանը հաջողվել է բարեհաջող կերպով լուծել։ Մարդիկ կարողացել են այլ նյութերով փոխարինել սահմանափակ թվով գազերը` ֆրեոնները, որոնք օգտագործվել են սառնարանների և աերոզոլների արտադրության մեջ։ Եվ դրական արդյունքն արդեն ունենք»,- ասում է Կարինե Դանիելյանը։
Հայաստանն օզոնաքայքայման նյութերի փոխարինման, մասնավորապես, դրանց շարժի կարգավորմանն առնչվող որոշակի պարտավորություններ է ստանձնել` 1999թ.-ին Մոնրեալի արձանագրությունը վավերացնելով: 2006թ.-ին ընդունված «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» ՀՀ օրենքով կարգավորվում են օզոնային շերտը քայքայող նյութերի` ՀՀ-ում արտադրության, ներմուծման, արտահանման ու տարանցիկ փոխադրման նկատմամբ սահմանափակումներն ու դրանց հետ կապված հարաբերությունները:
1994 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հայտարարել է սեպտեմբերի 16-ը Օզոնային շերտի պահպանության միջազգային օր: Այս օրն ընտրվել է ի պատիվ Մոնրեալի` օզոնի շերտը քայքայող նյութերի մասին արձանագրության ստորագրման: Երկրի կենդանի օրգանիզմները ուլտրամանուշակագույն ճառագայթների կործանիչ ազդեցությունից պաշտպանող օզոնային շերտի պահպանության խնդիրը համարվում է առաջնային բոլոր երկրների համար: Այս խնդրով մտահոգված են գիտնականները, բնապահպանները, արդյունաբերողները: