ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Արգենտինական կինոյի փառատոնը հայ հանդիսատեսին կզարմացնի հետաքրքիր ցուցադրություններով։
«Ներկայացված ֆիլմերում խոսվում է սոցիալական խնդիրների մասին, շոշափվում է հասարակության մեջ կանանց ունեցած դերի ու կանանց առաքելության թեման»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանում Արգենտինայի դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիան։
Նրա խոսքով` ֆիլմերի ընտրությունը պատահական չէ, քանի որ Արգենտինայում ընտանիքի, կանանց սոցիալիզացիայի և համասեռամոլության հետ կապված բազում խնդիրներ կան։
«Մենք ուզում էինք հայերին ավելի մոտիկից ծանոթացնել իսկական Արգենտինային` դրական և բացասական կողմերով»,- նշեց Ուռիոլաբեիտիան։
Դեսպանի կարծիքով` Հայաստանում և Արգենտինայում կան արդիական խնդիրներ, որոնց տարբերությունը միայն այն է, որ յուրաքանչյուր երկիր խնդիրը լուծելու իր ուղին ունի։
«Մենք շատ ընդհանրություններ ունենք, ընդհանուր արժեքներ, որոնց թվում է նաև ընտանիքը։ Ֆիլմերի մեծ մասը նկարահանվել է Բուենոս Այրեսում։ Սա մի մեծ քաղաք է, հետևաբար խնդիրներն էլ մի քիչ այլ են»,- ասաց դեսպանը։
Նա խոստովանեց, որ իր առաքելությունն է համարում հայ-արգենտինական հարաբերութունների խորացումը, սեփական երկիրը Հայաստանում պատշաճ ներկայացնելը։ Վերջին շրջանում երկկողմ համագործակցությունն առաջընթաց է ապրում։
Այս տարվա մայիսին Արգենտինայի դեսպանության աջակցությամբ Հայաստանում արգենտինական պարերի երեկո էր անցկացվել։