ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Չորեքշաբթի Եմենի ափերի մոտ խորտակվել է պանամական դրոշի տակ լողացող առևտրային մի նավ, անձնակազմի բոլոր անդամները փրկվել են, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Sky News Arabiya հեռուստաալիքին։
Նշվում է, որ նավը խորտակվել է Էլ Մուքալա նավահանգստից ոչ հեռու` Եմենի հարավ-արևելքում։ Եմենի Նավահանգիստների վարչության ղեկավարի պաշտոնակատար Սալիմ Բասմիրի խոսքով` խորտակված նավը սննդամթերք էր տեղափոխում Էլ Մուքալայի գործարարների համար։ Անձնակազմի անդամների խոսքով` նավի խորտակման պատճառ է դարձել երկումետրանոց ճեղքը։ Նավի վրա եղել է երկու սիրիացի և Հնդկաստանի վեց քաղաքացի։