ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը տեղեկացրել է, որ այս տարի «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հանրապետական փուլին մասնակցում է 33 մանկավարժ` ՀՀ բոլոր մարզերից և Երևանից:
«Սա մրցույթի երրորդ փուլն է՝ ներդպրոցական և մարզային փուլերից հետո: Հանրապետական փուլին մասնակցում են մարզերում լավագույն ճանաչված ներկայացուցիչները: Միայն մասնակից չունենք Արարատի մարզից, որտեղ ոչ ոք հաղթող չի ճանաչվել»,-նշել է Սյուզաննա Մակյանը՝ տեղեկացնելով, որ մրցույթը կանցկացնեն ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովները:
«Դպրոցական և մարզային փուլում լավագույններն ընտրվում են տարբեր չափորոշիչներից ելնելով՝ դասալսումներ, ողջ տարվա աշխատանքային գործունեության ամփոփում և այլն: Մրցույթը կարող է անցկացվել և հարցազրույցի, և թեստային առաջադրանքների միջոցով. ամեն մարզ ինքն է ընտրում անցկացման կարգը:
Հանրապետական փուլում լավագույններն ընտրվում են հարցազրույցի միջոցով, որի ընթացքում մասնակցին հնարավորություն է տրվում ներկայացնել իր ծրագիրը, փորձը և տեսլականը»,-ընդգծել է Սյուզաննա Մակյանը:
Նշենք, որ ըստ ավանդույթի` հաղթողների անունները կհրապարակվեն հոկտեմբերի 5-ին` «Ուսուցչի օրը», հանդիսավոր արարողության ժամանակ:
Այդ օրը կպարգևատրվեն «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» հանրապետական մրցույթում հաղթած մանկավարժները: Տարվա լավագույն ուսուցչին և դաստիարակին ՀՀ վարչապետի կողմից կտրվեն ավտոմեքենաներ, իսկ տարվա լավագույն տնօրենին` համակարգիչ:
Վաստակաշատ մանկավարժներին կտրվեն ՀՀ պետական պարգևներ, ՀՀ վարչապետի «Հուշամեդալ» և շնորհակալագրեր: