Բժիշկներն իրենց եկամտի զգալի մասը տրամադրում են տեխնիկայի թարմացմանն ու մասնագիտական վերապատրաստմանը, այդ ամենին գումարվում է նաև յուրաքանչյուր աթոռի դիմաց պետությանը վճարվող գումարը։ Այդուհանդերձ այսօր Հայաստանում շատ ավելի մատչելի են ատամնաբուժական ծառայությունները, քան աշխարհի մյուս երկրներում։
Արտյոմ Ազիզյանի խոսքով` աշխարհից հետ չմնալու համար հայ բժիշկները ստիպված են լինում նորանոր սարքավորումներ գնել, սակայն նա ընդգծում է մի կարևոր փաստ.
«Աշխարհի առաջատար ֆիրմաներից յուրաքանչյուրն իր ձևով է պատրաստում նյութերը, սարքավորումները, իմպլանտացիոն համակարգերը։ Չես կարող գնել մեկ գործիք և դրանով մի քանի իմպլանտ տեղադրել։ Ամեն ինչ բարձր գին ունի։ Քանի որ արտասահմանում ատամնաբուժական ծառայությունները բարձր գներ ունեն, բնականաբար այդ նյութերն ու գործիքները գնելն էլ մեծ խնդիր չէ նրանց համար, բայց մենք նույնպես ստիպված ենք գնել այդ նույն գնով»։