ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Մեծամորի ատոմակայանում ծրագրային վերանորոգում է անցկացվելու, հայտնում է rusarminfo-ն` հղում անելով ատոմակայանի տնօրեն Մովսես Վարդանյանին։
Վերանորագման աշխատանքները կսկսվեն սեպտեմբերի 20-ին։ Նորգումը կտևի 61 օր, որից հետո, նոյեմբերի 20-ին, ԱԷԿ-ը կրկին շահագործման կհանձնվի։
Վերանորոգման աշխատանքների ընթացքում մի շարք միջոցառումներ կիրականացվեն «Ռուսատոմ սերվիս» ընկերության հետ համատեղ ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետները երկարաձգելու ուղղությամբ։ Դրանց մի մասն անցկացվելու է ռուսական վարկի հաշվին։
Աշխատանքների ավարտից հետո ԱԷԿ-ի ղեկավարությունը կդիմի միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե՝ մինչև 2026 թվականը հետագա աշխատանքներն իրականացնելու թույլտվություն ստանալու համար։
Մինչ այդ ստացված թույլտվությամբ ատոմակայանը կարելի էր շահագործել մինչև 2016 թվականը։