ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik, Անի Լիպարիտյան. ԽՍՀՄ-ի փլուզման 25-ամյակին նվիրված նախագծի շրջանակում Sputnik Արմենիայի թղթակիցներն այցելել էին Երևան քաղաքի պատմության թանգարանի Էքսկուրսիոն և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Մարինա Խաչմանուկյանին, ով պատմեց խորհրդային տիկնիկների մասին։
Նրա խոսքով` տիկնիկները մեծ դեր են խաղում ցանկացած մարդու կյանքում։ Դրանք մշակույթի և պատմության անբաժանելի մաս են։
«Որոշ գիտնականներ կարծում են, որ առաջին տիկնիկները ստեղծվել են դեռ 30-35 հազար տարի առաջ։ Այսպես, Չեխիայի տարածքում հնագետները նկատել են կնոջ տիկնիկ, որը պատրաստվել է 26 հազար տարի առաջ մամոնտի ժանիքներից։ Տիկնիկն ունեցել է շարժվող ձեռքեր և ոտքեր։ Համարվում է, որ դա ժամանակակից տիկնիկների նախատիպն է»,- ասաց Խաչմանուկյանը։ Նա կարծում է, որ այսօրվա տիկնիկները գեղեցկության չափանիշ են, դրանք կանացի են, համապատասխանում են նորաձևության չափանիշներին։
Միաժամանակ Խաչմանուկյանը նշեց, որ դրանք այսօրվա աղջիկների մոտ չեն զարգացնում մայրական բնազդը։ Ւսկ ահա խորհրդային շրջանի տիկնիկներն ունեցել են մանկական տեսք և նպաստել են աղջիկների մոտ մայրական բնազդի զարգացմանը։
Ինչու՞ են ստեղծվել տիկնիկները
Ի սկզբանե, Խաչմանուկյանի խոսքով, տիկնիկները կատարել են կուլտային, կենցաղային, կրթադաստիարակչական և նույնիսկ առողջարարական գործառույթ։
«Կարելի է ասել, որ խորհրդային շրջանում տիկնիկները ոչ միայն եղել են սենտիմենտալ հիշողությունների առարկա, այլև արտացոլել են այդ ժամանակաշրջանի ձեռքբերումները և թերությունները։ Խորհրդային ժամանակաշրջանի պատմությունը կարելի է ուսումնասիրել տիկնիկների օրինակով։ Օրինակ` գյուղատնտեսության և արդյունաբերության զարգացումն արտացոլվել է խաղալիք ինքնաթիռների, տրակտորների, կոմբայնների և նավակների արտադրությամբ»,- նշեց մեր զրուցակիցը։ Նրա խոսքով` խորհրդային իշխանությունը մեծ նշանակություն էր տալիս տիկնիկներին` դաստիարակչական տեսանկյունից։ Հենց այդ պատճառով 1918թ-ին խորհրդային իշխանության հաստատումից հետո Զագորսկում բացվել է տիկնիկների թանգարան։
Նա հավելեց, որ այդ ժամանակների տիկնիկները կոչված են եղել նպաստելու երեխաների ու երիտասարդության կոմունիստական դաստիարակությանը։ Դրանք պետք է դաստիարակեին հայրենասիրության և կոլեկտիվի զգացում։ Դրանք չպետք է մարդկանց մեջ ագրեսիա առաջացնեին։ Այդ ժամանակ Հայաստանում չեն արտադրվել տիկնիկներ, բայց կարի փոքր արհեստանոցներում և Երևանի էլեկտրալամպերի գործարանում արտադրվել են տոնածառի խաղալիքներ։
«Այդ ժամանակվա ամենահայտնի գործարաններն էին «Մալիշը», «Վեսնան», «Ռադուգան», «Օգոնյոկը» և մյուսները։ Այսպիսով` ԽՍՀՄ տարածքում գործել է ավելի քան 100 մասնագիտացված գործարան, որոնք արտադրել են խաղալիքներ»,- ասաց Խաչմանուկյանը։
ԽՍՀՄ ապրանքանիշները
Խաչմանուկյանը պատմեց նաև խորհրդային շրջանի ամենահայտնի խաղալիքների մասին։
- Պուպսեր. Այդ փոքրիկները հիշեցնում են այժմյան «ռեբորն» տիկնիկները։ Տիկնիկները «մերկ» էին, և աղջիկները պետք է նրանց համար զգեստներ ընտրեին։ Պուպսերը շատ հայտնի էին։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Լենինգրադի քիմիական ձեռնարկություններից մեկում սկսվել է ցելուլոիդից պուպս տիկնիկների արտադրություն։ Ի դեպ, 20-րդ դարի սկզբին այդպես են անվանել թմբլիկ, գիրուկ երեխաներին։ Այստեղից էլ սկսվել է նրանց պուպս անվանելու «ավանդույթը»։
Այդ տիկնիկները մատչելի էին, ինչպես նաև թույլ էին տալիս աղջիկներին դրսևորել կար ու ձևի հմտությունները։
- Օրորվող տիկնիկներ (նևալյաշկա)։ Այս տիկնիկը Բարբիի հասակակիցն է, ստեղծվել է 1959թ-ին։ Դրա հայրենիքը համարվում է Կատովսկը։ Նևալյաշկան դարձել է այդ քաղաքի յուրահատուկ ապրանքանիշը։ Նրա նախատիպը համարվում է ճապոնական Դարումա տիկնիկը։
- Չեբուրաշկան հայտնի է դարձել կոկորդիլոս Գենայի մասին մուլտֆիլմերից հետո։ Ինչպես գիտեք, Չեբուրաշկան այդ մուտլֆիլմի հերոսներից է։ Այդ գազանիկին ստեղծել է նկարիչ-բեմադրող Լեոնիդ Շվարցմանը։
«Գիտությանն անհայտ այդ գազանը» անակնկալ կերպով հայտնվել է նարինջների տուփի մեջ, որտեղ խաղաղ քնել է, իսկ երբ արթնացել է, պարզվել է, որ նա քաղաքի խանութներից մեկում է։
Վերածնունդ
«Լավ կլիներ վերսկսել խորհրդային դարաշրջանի տիկնիկների արտադրությունը, բայց արդիականացված տեսքով»,- ասաց Խաչմանուկյանը։ Նրա խոսքով` նախկին ԽՍՀՄ գրեթե յուրաքանչյուր հանրապետությունում արտադրվել են ուկրաինական, բելառուսական, ուզբեկական և այլ ժողովուրդների տիկնիկներ։
«Կա նաև հայուհի տիկնիկ։ Նման տիկնիկները ոչ մեծ քանակությամբ արտադրվել են Հայաստանի փոքր արհեստանոցներում»,- ասաց նա։ Նրա խոսքով` այդ տիկնիկները որպես հուշանվեր են ծառայել։
Հետաքրքիր է, որ խորհրդային տարիներին հարսանիքների ժամանակ գրեթե բոլոր խորհրդային մեքենաները զարդարում էին հարսանեկան զգեստով տիկնիկներով։ Նման ավանդույթ կար միայն խորհրդային հանրապետություններում։ Այսօրվա երիտասարդությունը պատրաստ է հետևել ծնողների օրինակին և զարդարել իրենց մեքենաները ձյունաճերմակ զգեստներով տիկնիկներով։