ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Խորհրդային հասարակարգից անցումն այնքան ակնթարթային եղավ, որ շատերը չկարողացան միանգամից ըմբռնել փոփոխությունը: Երևանի տիկնիկային թատրոնի այսօրվա տնօրեն, իսկ այն ժամանակ սկսնակ ռեժիսոր Ռուբեն Բաբայանը անկախ Հայաստանի կառուցումն այլ կերպ էր պատկերացնում, բայց ամեն ինչ պատկերացրածի ձևով չընթացավ:
«Արտաքին որոշակի ազդակները դեռ չեն նշանակում, որ ներքուստ փոփոխություն տեղի ունեցավ: Այն, որ ՄԱԿ-ում բարձրացվեց հայկական դրոշը, հռչակվեցինք անկախ պետությունը, ունեցանք մեր զինանշանն ու օրհներգը, դեռ չի նշանակում, որ մենք ունեցանք անկախ հասարակություն, որը գնահատում էր իր անկախությունն ու ազատությունը»,-ասաց Ռուբեն Բաբայանը:
Այսօրվա պես հիշում է՝ Ազատ Արշակյանի ու Պարույր Հայրիկյանի պես ակտիվ այլախոհ չի եղել, բայց միշտ էլ ձգտել է անկախության: Իր գաղափարախոսությունը միանշանակ էր ու հայտնի բոլորին, սակայն միաժամանակ կոմկուսին անդամագրվելու բազմաթիվ առաջարկներ էր ստանում: Պատճառն աշխատասիրությունն ու նպատակասլացությունն էր: Մեր այն հարցին, թե իսկապես ԽՍՀՄ տարիներին աշխատանքը համարվում էր գերակա ուղղություն, Բաբայանը բազմանշանակ պատասխանեց:
«Աշխատանքը չպետք է լինի ինքնանպատակ, կարևորն այն արդյունքն է, որը դու տալիս ես: Խորհրդային Միությունում կային նաև փայլուն արդյունքներ արվեստում ու գիտության մեջ, բայց կար նաև պարզապես աշխատանք, երբ արտադրանք էին տալիս մի բան, որը բացարձակապես պահանջարկ չուներ: Ինձ համար երբևէ աշխատանքը գերխնդիր չի եղել: Պետք է նախ հասկանալ՝ քո նպատակը գավառական ճաշակը բավարարելն է, թե իսկապես ստեղծագործելը»,- ասաց Ռուբեն Բաբայանը:
Նրա դիտարկմամբ՝ այսօր Հայաստանն ու հայ հասարակությունը գնում են զարգացման ճանապարհով: Եկել է նոր սերունդ, որը մեծացել է անկախ Հայաստանում:
«Երիտասարդները շատ ավելի ինքնուրույն են և ինքնակազմակերպված, սա դատում եմ իմ տղաների օրինակով: Ես նրանց տարիքում չէի մտածում ապագայի մասին, նրանք մտածում են ու կերտում այն»,-անթաքույց հպարտությամբ նշեց Բաբայանը։
Նա իր անձնական ուսումնասիրությունն է արել ու պարզել, որ հայերն ի ծնե քաղաքակիրթ ժողովուրդ են, քանի որ իշխանությանը կուռք չեն դարձնում: Նրա խոսքով՝ ոչ թե մեր երկրի նախագահն ու վարչապետն են վատը, որ դժգոհում ենք ու քննադատում, այլ հարցը մեր մեջ է որպես ազգ:
«Մեզ մոտ կամաց-կամաց ձևավորվում է այն մտածելակերպը, որ պաշտոնյաներն իսկապես աշխատողներ են, որոնց մենք վարձել ենք, թող բարի լինեն, նորմալ կատարեն այն աշխատանքը, որի համար մենք նրանց վարձել ենք, հակառակ դեպքում մենք կվարձենք ուրիշին»,-ասաց Ռուբեն Բաբայանը:
Մեր այն դիտարկմանը, որ այսօր հայ հասարակությունը պայմանականորեն բաժանված է երկու մասի, մեկը համաչափ է քայլում անկախ Հայաստանի հետ, մյուսն էլ պարբերաբար հետ է նայում դեպի Խորհրդային Միություն, Տիկնիկային թատրոնի տնօրենը պատասխանեց.
«Նոստալգիկ մղումները բնորոշ են շատերին, բայց ավելի շատ՝ մեծահասակներին: Այն ժամանակ առողջ են եղել, երիտասարդ, սիրել են, սիրված եղել, դրանից էլ լավ բա՞ն: Կա մի շատ կարևոր բան, կյանքը ժամանակ է, եթե չես զգում ժամանակը, վանում ես քո կյանքը, քեզ տրված է կյանքը ներկայի մեջ և ոչ անցյալի: Նույն ջուրը հնարավոր չէ երկրորդ անգամ մտնել»:
Իր խորհուրդներին առաջին հերթին Բաբայանը հենց ինքն է հետևում: Sputnik ռադիոկայան եկավ խոստացածից նույնիսկ րոպեներ շուտ: Ասաց՝ ես երբեք կյանքից չեմ ուշանում: