ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ կենտրոնական բանկի կողմից կազմակերպվող արտագնա ցուցահանդեսների շրջանակում սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում բացվել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար» հերթական ցուցահանդեսը, հայտնում են ՀՀ կենտրոնական բանկից:
ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված ցուցահանդեսում ներկայացված են հայկական հին մետաղադրամները (Տիգրան Մեծի, Արտաշես 2-րդի, Կիլիկյան Հայաստանի, Ռուսական կայսրության և ԽՍՀՄ ժամանակաշրջանների մանրադրամներ) և թղթադրամները, ժամանակակից ՀՀ բոլոր թողարկումները, ֆինանսական և բանկային համակարգի զարգացման պատմությունը, ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ նյութեր:
«Ցուցահանդեսն առանձնահատուկ է նրանով, որ այն այցելուներին հնարավորություն է տալիս ծանոթանալ նաև Արցախի պատմագրական մեծ արժեք ներկայացնող Ղարաբաղի տարածքում հատված մետաղադրամներին, ԼՂՀ ժամանակակից հուշանվերային թղթադրամներին և մետաղադրամներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը նվիրված ՀՀ հուշադրամներին»,- ասված է հաղորդագրությունում:
Պատմական իրողություններին զուգահեռ ամբողջ միջոցառման ընթացքում ԿԲ աշխատակիցների կողմից անցկացվում են ֆինանսական կրթման բնույթի դասընթացներ, որոնց շրջանակում մասնակիցների տրամադրվում են կրթական նյութեր, բուկլետներ՝ ֆինանսական համակարգի կողմից մատուցվող զանազան ծառայությունների վերաբերյալ:
Ցուցահանդեսի այցելուները տարբեր ինտերակտիվ խաղերի միջոցով տեղեկանում են, թե ինչպես ավելի լավ կառավարել ֆինանսական միջոցները, խուսափել ֆինանսական դժվարություններից և պաշտպանել սեփական շահերը:
Ցուցահանդեսը նախատեսված է լայն հասարակայնության խմբի համար՝ միջին և ավագ դասարանի աշակերտներ, ԲՈւՀ-երի ուսանողներ, քաղաքացիներ, դրամագետներ: Ցուցահանդեսը գործելու է մինչ սեպտեմբերի 13-ը: ԼՂՀ իշխանությունների աջակցությամբ կկազմակերպվեն դպրոցականների այցելություններ ցուցահանդես:
Երևանի դպրոցականներն այցելում են Կենտրոնական բանկ և ծանոթանում են բանկի գործունեությանն էքսկուրսիաների միջոցով: Կենտրոնական բանկի այս նախաձեռնության նպատակն է նմանատիպ հնարավորություններ ընձեռել նաև ԼՂՀ աշակերտների և բնակիչների համար: