ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. Արաքս գետի աղտոտվածության ուսումնասիրմանն ուղղված ՀՀ բնապահպանության նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության փորձագետների տարեկան՝ 21-րդ նիստն է տեղի ունեցել Երևանում, հայտնել են բնապահպանության նախարարությունից։
Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են նախորդ տարեկան նիստի ժամանակ կազմված արձանագրության կետերի կատարման ընթացքը, արդյունքները և նախանշվել առաջընթացները: Քննարկումների արդյունքում կազմվել է առաջիկա մեկ տարվա կատարվելիք աշխատանքների արձանագրությունը:
Կողմերը փոխանակել են Արաքս գետի ջրի համատեղ և միաժամանակյա նմուշառման ու մոնիթորինգի տվյալները: Կազմվել է առաջիկա մեկ տարվա համատեղ և միաժամանակյա նմուշառման ժամանակացույցը: Աշխատանքային խմբերի փորձագետները դիտարկել են նաև Արաքս գետում բիոմոնիթորինգի իրականացման հետ կապված հարցեր:
Աշխատանքային քննարկումների արդյունքում կողմերը ստորագրել են Արաքս գետի աղտոտվածության ուսումնասիրմանն ուղղված հայ-իրանական փորձագետների 21-րդ նիստի արձանագրությունը, որում նաև ամրագրվել է, որ հաջորդ տարեկան նիստը տեղի է ունենալու 2017թ աշնանը ԻԻՀ Թավրիզ քաղաքում:
2005 թվականին ստեղծվել են Արաքս գետի աղտոտվածության ուսումնասիրմանն ուղղված հայկական և իրանական փորձագետների աշխատանքային խմբեր, որոնց գործունեությունը նպատակաուղղված է Արաքս գետի ջրի որակի հսկմանը և պահպանմանը:
Արաքս գետի հայ-իրանական համատեղ մոնիթորինգային աշխատանքների շրջանակում դիտարկումներ կատարվում են Արաքս գետի 8 (ՀՀ-ում և ԻԻՀ-ում 4-ական) նմուշառման կետեր, Մեղրիգետ և Կարճևան գետերի մեկական նմուշառման կետերում: Ամեն տարի տեղի է ունենում ՀՀ և ԻԻՀ ներկայացուցիչների տարեկան հանդիպում։