ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տարածած սադրիչ տեղեկությունը, թե հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտման հետևանքով զոհվել է ադրբեջանական ԶՈւ զինծառայող, իրականությանը չի համապատասխանում:
«ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ադրբեջանական որոշ լրատվամիջոցների (haqqin.az, politika.az, meydan.tv) տարածած սադրիչ տեղեկությունը, թե օգոստոսի 30-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևմտյան հատվածում` նախիջևանյան ուղղությամբ, խախտել են հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով զոհվել է ադրբեջանական ԶՈւ զինծառայող, իրականությանը չի համապատասխանում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ հաղորդման` ՀՀ Զինված ուժերը խստորեն հետևում է հրադադարի ռեժիմի պահպանմանը և համապատասխան գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող խախտումների և գնդակոծությունների դեպքում: