ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի Ռիո դե Ժանեյրոյի XXXI խաղերի չեմպիոններին և մեդալակիրներին «Ռուսաստանի Դաշնության պետական պարգևներով պարգևատրելու մասին» հրամանագիր է ստորագրել։
Օլիմպիական կրկնակի չեմպիոն, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ Յանա Կարապետի Եգորյանն արժանացավ Պատվո շքանշանի։
Ռիոյի Օլիմպիադայի փոխչեմպիոն, մարմնամարզուհի Սեդա Գուրգենի Թութխալյանը ստացավ «Հայրենիքի հանդեպ ունեցած վաստակի համար» I աստիճանի շքանշան։ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, հրաձիգ Կիրիլ Հակոբի Գրիգորյանը և արծաթե մեդալակիր, բռնցքամարտիկ Միշա Սուրենի Ալոյանն արժանացան «Հայրենիքի հանդեպ ունեցած վաստակի համար» II աստիճանի շքանշանների
Կրեմլում ընդունելով օլիմպիականներին` Պուտինը շնորհակալություն հայտնեց նրանց դժվար փորձությունները պատվով հաղթահարելու համար։
«Դուք ցուցաբերեցիք բարձր վարպետություն, կամային հատկանիշներ և հաստատեցիք Ռուսաստանի ամուր դիրքերը համաշխարհային սպորտում», — ասաց Պուտինը` շնորհակալություն հայտնելով նաև մարզիչներին, բժիշկներին, մյուս մասնագետներին։
Ռուսաստանի հավաքականը օլիմպիական խաղերում գրավեց չորրորդ հորիզոնականը` վաստակելով 56 մեդալ` 19 ոսկե, 18 արծաթե և 19 բրոնզե։