Օլիմպիական խաղերի ընթացքում հայ մարզիկները հանդես եկան Ռուսաստանի, Գերմանիայի, Ավստրիայի, Բրազիլիայի, Ուրուգվայի հավաքականների կազմերում: Առավել մեծ հաջողության հասան Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես եկած հայ մարզիկները:
Իհարկե, Ռիոյի խաղերն անմոռանալի են դառնալու Յանա Եգորյանի համար: Սուսերամարտի մրցումներում Ռուսաստանի հավաքականի կազմում Եգորյանը օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճեց` թրասուսերի մրցումների եզրափակիչում հաղթելով Սոֆյա Վելիկայային, իսկ հետո արդեն առաջին տեղը զբաղեցրեց թիմային պայքարում: Այսինքն Յանա Եգորյանը օլիմպիական կրկնակի չեմպիոն դարձավ:
Ոսկե մեդալ նվաճեց նաև ձեռքի գնդակի Ռուսաստանի հավաքականի անդամ Օլգա Հակոբյանը: Վեցուկես տարի Ռուսաստանի կանանց հավաքականը այս մարզաձևում չէր կարողանում տարբերի կարգի մրցումներում նույնիսկ մինչև կիսաեզրափակիչ հասնել: Իսկ օլիմպիական խաղերում Եվգենի Տրեֆիլովի թիմը կիսաեզրափակիչում հաղթանակի հասավ գործող չեմպիոնի՝ Նորվեգիայի թիմի նկատմամբ, հետո էլ եզրափակիչում հաղթեց Ֆրանսիայի ընտրանուն:
52 կգ քաշային մրցումներում արծաթե մեդալ նվաճեց բռնցքամարտիկ Միշա Ալոյանը: Անկասկած, այս բռնցքամարտիկը հաղթողի հիմանական հավակնորդն էր, բայց եզրափակիչում պարտվեց Ուզբեկստանի ներկայացուցչին:
Հայկական ազգանունները հնչեցին նաև հրաձգության և բռնցքամարտի մրցումների մրցանակակիրների մեջ: Հրաձգության մրցումներում, 50 մետր հեռավորությունից հրացանի մրցումներում Ռուսաստանի հավաքականին բրոնզե մեդալ բերեց Կիրիլ Գրիգորյանը, իսկ 64կգ քաշային բռնցքամարտիկների մրցումներում Գերմանիան ներկայացնող Արտյոմ Հարությունյանը պարտվելով կիսաեզրափակիչում նույնպես արժանացավ բրոնզե մեդալի:
Փաստացի Հայաստանի Օլիմպիական հավաքականը նվաճեց մեկ ոսկե և երեք արծաթե մեդալ, իսկ հայ օլիմպիականները այլ երկրների կազմերում նվաճեցին երեք ոսկե, երկու արծաթե և երկու բրոնզե մեդալ: Ինչպես տեսնում էք առավելությունը մեր հայրենակիցների կողմն է, որոնք հանդես եկան ոչ մեր դրոշի տակ: Սա արդեն արտասովոր երևույթ չէ և ոչ էլ առաջին անգամը: Ինչպես ասում են, հայի բախտ…
Ինչ էլ լինի, մենք նորանոր հաղթանակներ ենք ցանկանում բոլոր հայերին, որոնք հանդես են գալիս տարբեր կարգի մրցումներում և տարբեր երկրների հավաքականների կազմում: Հաղթանակները ստիպում են ճանաչել հաղթող ազգերին: Եվ այսպիսով Հայաստանի օլիմպիականներն ու հայ օլիմպիականները միասին վերցրած նվաճել են չորս ոսկե, հինգ արծաթե և երկու բրոնզե մեդալ: Իսկ սա իրոք ֆանտաստիկ արդյունք կլիներ փոքր Հայաստանի համար: