Արմենուհի Մխոյան, Sputnik.
Դավիթը 6 տարեկան է, բայց մեծի համառությամբ ու նպատակասլացությամբ ամեն օր մարզադպրոց է գալիս, լսում ու փորձում է կատարել մարզչի բոլոր ցուցումները, որ Արթուր Ալեքսանյանի նման Օլիմպիական չեմպիոն դառնա:
«Ուզում եմ պարապեմ, որ Արթուրի նման ուժեղ լինեմ»,- ասում է Դավիթը:
Դավթի, 10 տարեկան Ալեքսանդրի ու 13 տարեկան Լևոնի նման շատ երեխաներ են հաճախում Գյումրու «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոց»: Այս տղաներն իրենց երջանիկ են համարում, չէ՞ որ իրենք օլիմպիական չեմպիոն Արթուրին ամեն օր տեսնելու հնարավորություն ունեն: Արթուրն ամեն օր իրենց կողքին է մարզվում, նույն մարզադպրոցում, որը մարզադպրոց կոչելը, մեղմ ասած, մի քիչ դժվար է։
«Արթուրի բոլոր հաղթանակներից հետո սաների թիվն ավելանում է, հիմա էլ վստահ եմ՝ այդ թիվն էլ ավելի կավելանա, բայց հուսամ, որ նախևառաջ նորմալ մարզադպրոց կունենանք՝ հանդերձարանով, նորմալ սանհանգույցով, շոգեբաղնիքով: Արթուրի հաղթանակի գրավականը քրտնաջան աշխատանքն է, բայց եթե այս պայմաններում ենք կարողացել օլիմպիական չեմպիոն պատրաստել, պատկերացրեք` նորմալ պայմանների դեպքում ինչպիսի հնարավորություն կունենանք: Բացի Արթուրից, էլի շատ լավ մարզիկներ ունենք, բոլորն այդ նույն՝ օլիմպիական չեմպիոն դառնալու նպատակով են առաջ գնում»,- վստահեցրեց Խաչիկ Բաղդասարյանը:
Մարզադպրոցի պայմանները նույնիսկ «նորմալ» բառի մեջ չեն տեղավորվում. սա այն դեպքն է, որ «նորմալ պայմաններ» ասելիս և՛ ծիծաղդ է գալիս, և՛ լացդ։: Եվրոպայի, Աշխարհի և վերջապես Օլիմպիական չեմպիոն տվող այս մարզադպրոցը կարելի է նույնիսկ իր վատ պայմաններով «Գինեսի ռեկորդների» գրքում գրանցել: Անհնար է բառերով արտահայտել այն ամենը, ինչ տեսանք ու զգացինք:
Մինչ մարզիկները քրտնաջան ու, ինչպես իրենք են ասում, «վիզ դրած» պարապում են, մարզչական կազմն ու մարզադպրոցի տնօրինությունն արդեն քանի տարի է` սպասում է, որ համայնքապատկան կառուցի նորոգման համար նախ համայնքնի, ապա ՀՀ սպորտի նախարարության, օլիմպիական կոմիտեի և վերջապես պետական բյուջեները կլցվեն։ Սակայն, եթե մարզիկների մկանները պարապմունքների շնորհիվ լցվում են, ապա ժամանակը ցույց է տալիս, որ նորոգման համար գումարներն այդպես էլ բյուջեներում չեն ավելանում:
Տղաները գիտեն իրենց անելիքը՝ մարզվել, զարգացնել ֆիզիկական ու տեխնիկական հնարքները, փոխարենը՝ մեծահասակները գյումրեցու ասածի պես՝ առաջնորդվում են «մի «չէ»-ն հազար ցավից կփրկե» տարբերակով:
Մարզադպրոցում մեզ դիմավորեց Արթուրի մորական պապը՝ Վիկտոր Հովհաննիսյանը: Նախ զարմացավ՝ «աղջիկ ջան, էս ինչպե՞ս ես էս կորած տեղը գտել, քոռանամ ես, մե՞ղք չես»: Ապա քմծիծաղ տալով ասաց. «Արի՛, արի՛, ճաշակդ զարգացրու, տե՛ս` օլիմպիական չեմպիոնն ի՜նչ պայմաններում է պարապում»:
Պապը խոսելով սիրելի թոռի հաջողությունների մասին` բարկացած ավելացրեց. «Արթուրի ամեն հաղթանակից հետո գալիս, ասում են ՝ Արթուր ջան, մենք քո թիկունքին ենք, ամեն ինչ լավ կլինի, խոսք են տալիս ու գնում, նույնիսկ գյուղական համայնքներում նման մարզադահլիճ չկա: Մեր մարզադպրոցը ՀՀ-ում իր սաների թվով առաջինն է ցուցանիշներով, բայց պայմաններո՞վ…»,- ասաց Արթուրի պապն ու խոստովանեց, որ Արթուրի բոլոր մրցելույթներից առաջ խաչակնքվում է ու Աստծուն աղոթում՝ Աստված ջան, դու առջևից, Արթուրը` հետևիցդ։ Հետո հպարտությամբ ավելացրեց` ո՞վ էսպիսի թոռ ունենա, որ չհպարտանա։
Մնում է հուսալ, որ բարի նախանձն առաջ կշարժի նաև այն պատկան մարմիններին, որոնք պետք է լուծեն մարզադպրոցի նորոգման հարցերը և չբավարարվեն միայն մարզիկների հաղթանակներից ուրախանալով, երբեմն նաև այդ հաղթանակներն իրենց վերագրելով:
Այս մարզադպրոցը, որի սանն այս օրերին հպարտության զգացում է արթնացնում յուրաքանչյուր հայի սրտում, իսկապես ամոթալի պայմաններում է գտնվում: