Ռիո դե Ժանեյրոյի ամառային 31-րդ խաղերում Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում ընդգրկված 33 մարզիկներից 29-ն արդեն ավարտել են ելույթները: Առջևում հայ օլիմպիականներին սպասում են ազատ ոճի ըմբշամարտի մրցումները, դրանց կմասնակցի չորս հայ ըմբիշ:
Օլիմպիադան, որը Հայաստանի համար անհաջող մեկնարկեց ու ընթանում էր առանց մեդալների, ի վերջո տվեց վերջին քսան տարիների լավագույն արդյունքը. մեկ օրվա ընթացքում Հայաստանի օլիմպիականները ամեն ինչր կտրուկ շրջեցին:
Արթուր Ալեքսանյանը նվաճեց ոսկե մեդալ, Միհրան Հարությունյանն ու Գոռ Մինասյանը դարձան խաղերի փոխչեմպիոն, իսկ մեկ օր առաջ էլ Սիմոն Մարտիրոսյանն էր նվաճել արծաթե մեդալը:
Իհարկե, շատ լավ է, որ 1996 թվականից հետո հայ մարզիկները մեդալների որակական առաջընթաց ապահովեցին: Ընդ որում` խաղերի ընթացքում մենք կարող էինք էլի մեդալներ նվաճել: Համենայն դեպս, մոտ էինք դրան: Բայց որոշ մարզաձևերում առաջընթաց չկա:
Այս օլիմպիական խաղերում Հայաստանն աննախադեպ մի քանի արդյունք արձանագրեց: Նախ` մասնակիցների թիվն էր ռեկորդային: Բռնցքամարտի մրցումներին երբեք հինգ բռնցքամարտիկով չէինք մասնակցել: Մարմնամարզության մրցումներին նույնպես երբեք անկախ Հայաստանից մարմնամարզիկներ չէին մասնակցել, բացի այդ` առաջին անգամ պատմության մեջ հայ մարմնամարզուհի դուրս եկավ մրցահարթակ: Աթլետներն էլ մասնակիցների թվով ռեկորդ սահմանեցին: Ազատ ոճի ըմբշամարտում էլ չորս ըմբիշով հանդես չէինք եկել:
Ստացվում է, որ ամեն ինչ լավ է. մեդալներն են այդ մասին վկայում: Բայց այս օլիմպիական խաղերից հետո դժվար կլինի մոռանալ այն հուզմունքը, որը մեզ համակեց հունահռոմեական ըմբշամարտի եզրափակիչների ժամանակ: Օգոստոսի 16-ին պարզապես գողացան ոսկե մեդալը Միհրան Հարությունյանից` զրկելով մեզ ցնծալու բացահայտ հնարավորությունից, երբ Արթուր Ալեքսանյանը դարձավ չեմպիոն:
Ինչևէ, 31-րդ օլիմպիական խաղերը մոտենում են ավարտին: Հաջողություն ցանկանանք ազատ ոճի ըմբիշներին և հուսանք, որ հաղթանակներ կունենանք դեռևս: Անկասկած, և՛ ուրախանալու, և՛ մտորելու առիթ ունենք: Առջևում Տոկիոյի օլիմպիական խաղերն են 2020 թվականին և չորս տարվա նախապատրաստական փուլը:
Ստորև ներկայացնում ենք Հայաստանի օլիմպիական հավաքականների նվաճումները.
1996թ. Ատլանտա — Արմեն Նազարյան`ոսկի, Արմեն Մկրտչյան` արծաթ,
2000թ. Սիդնեյ — Արսեն Մելիքյան` բրոնզ,
2004թ. Աթենք — Մեդալ չենք ունեցել,
2008թ. Պեկին — Ռոման Ամոյան, Յուրի Պատրիկեև, Գևորգ Դավթյան, Տիգրան Գ. Մարտիրոսյան, Տիգրան Վ. Մարտիրոսյան, Հրաչիկ Ջավախյան` բոլորը բրոնզ,
2012թ. Լոնդոն — Արսեն Ջուլֆալակյան` արծաթ, Արթուր Ալեքսանյան` բրոնզ, Հռիփսիմե Խուրշուդյան` բրոնզ,
2016թ. Ռիո դե Ժանեյրո — Արթուր Ալեքսանյան` ոսկի, Միհրան Հարությունյան, Սիմոն Մարտիրոսյան, Գոռ Մինասյան` բոլորն էլ արծաթ։