ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik. Եվս մեկ ոսկե մեդալ մեզ հաջողվեց նվաճել քսան տարի անց. Ռիո դե Ժանեյրոյում փայլեց արդեն Արթուր Ալեքսանյանը: Հայ ըմբիշը 98 կգ քաշային կարգի եզրափակչում պարտության մատնեց կուբացի Դանիել Լուգո Կաբրերային ու հռչակվեց օլիմպիական չեմպիոն:
Միհրան Հարությունյանի ծանր պարտությունից հետո Արթուրը ոչ մի շանս չտվեց ո'չ մրցակցին, ո'չ էլ մրցավարներին ու աշխարհի կրկնակի ու Եվրոպայի բազմակի չեմպիոնը, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրն արդեն իր տեղն ունի օլիմպիական չեմպիոնների ցանկում: Ալեքսանյանը Հայաստանի օլիմպիական 14-րդ չեմպիոնն է:
Եզրափակիչ սուլիչից հետո գորգի վրա արտասվեցին երկու Ալեքսանյանները՝ հայր և որդի Գևորգ ու Արթուր Ալեքսանյանները: Այս անգամ այս արցունքների համար մենք ուրախ ենք: Սա արդեն մեր մարզիկի կողմից նվեր է մեր ազգին: Հայաստանն ունի օլիմպիական չեմպիոն, ու վերջ:
Արթուր Ալեքսանյանը առաջին գոտեմարտում իրեն նման չէր, բայց դա չխանգրեց գյումրեցուն 5:0 հաշվով հաղթանակ տանել իտալացի Դաիգորո Տիմոնչինիի նկատմամբ: Քառորդ եզրափակչում «սպիտակ արջը» 8:0 բացահայտ առավելությամբ շրջանցեց ռումինացի Ալեքսուս Չիուռարիու թվացյալ արգելքը, իսկ կիսաեզրափկչում Արթուր Ալեքսանյանի ճնշմանը չդիմացավ թուրք ըմբիշ Չենկ Իլդեմը: Գրանցվեց 9:0 հաշիվը հայ ըմբշամարտիկի օգտին: