ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. Հայ քաղաքագետները վստահ են, որ Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը հանդիպման ժամանակ անպայման կքննարկեն ղարաբաղյան հիմնահարցը, սակայն նրանց ակնկալիքները տարբեր են։
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը կարծում է, որ կողմերի մաքսիմալիստական դիրքորոշման պատճառով Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի հակամարտություն, և Մոսկվայում հանդիպմանը Սարգսյանը Ռուսաստանին կներկայացնի ղարաբաղյան խնդրի վերաբերյալ երկրի չափազանց կոշտ դիրքորոշումը։
«Վիեննայի և Պետերբուրգի հանդիպումները խոշոր հաշվով արդյունք չտվեցին։ Եվ մենք այսօր տեսնում ենք, որ Ադրբեջանի մաքսիմալիստական դիրքորոշումը մի կողմից և հայ հասարակության, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի իշխանությունների դիրքորոշումները տանում են նրան, որ խաղաղ կարգավորման հասնելու բոլոր հույսերը կչեզոքանան»,- ասաց Մելիք-Շահնազարյանը։
Փորձագետը վստահ է, որ շատ բան կախված է Ռուսաստանի դիրքորոշումից, որը վերջերս հանդես է գալիս որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցային գործընթացի նախաձեռնող։
Ինչպես կարծում է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը, Մոսկվայում տարածքային զիջումների հարցը չի բարձրացվի, ինչպես նման բան չեղավ նաև Բաքվում Պուտինի և Ալիևի հանդիպման ժամանակ։
«Եթե անգամ ղարաբաղյան հակամարտության ենթատեքստը եղավ, ապա այն եղավ եռակողմ հռչակագրի համատեքստում (Ռուսաստան-Ադրբեջան-Իրան), որն ընդունվեց հանդիպման արդյունքում», — ասաց Շաքարյանցը։
Նրա խոսքով` ամենայն հավանականությամբ Բաքվում հանդիպման ժամանակ խոսվել է այն մասին, որ Ադրբեջանը ոչ մի դեպքում իր տարածքը չտրամադրի Թուրքիային կամ երրորդ երկրներին, որոնք տարածաշրջանի հետ որևէ կապ չունեն։
Բացի այդ, Շաքարյանցի կարծիքով, խոսվել է տարածաշրջանում իրավիճակի սրման անթույլատրելիության մասին։ Նա վստահ է, որ առաջիկայում Ղարաբաղում որևէ ակտիվ գործողություն չի լինի։
Նա միաժամանակ կարծում է, որ ղարաբաղյան հիմնահարցն ամենևին էլ առաջնային չի լինի Մոսկվայի հանդիպման ժամանակ։
Շաքարյանցն այն կարծիքին է, որ Պուտինը կփորձի համոզել Սարգսյանին որոշակի լծակներ կիրառել, որպեսզի Հայաստանն ավելի զգալի աջակցություն ցուցաբերի Իրանին և Ռուսաստանին Սիրիայում և Մերձավոր Արևելքում ընդհանրապես։
Նրա կարծիքով` բազմաթիվ նուրբ հարցեր կան, որտեղ Հայաստանը կարող է օգտակար լինել և ավելի արդյունավետ գործել, այդ թվում` քրդական հարցում։
«Արդեն երկրորդ եռակողմ հանդիպմանը (Սարգսյան-Պուտին-Ալիև) Պուտինը կարող է կողմերին առաջարկել հակամարտության կարգավորման հարցում ընդհանուր տարրեր գտնել կամ երկկողմ փոխզիջումների ծրագիր կառաջարկի», — նշեց Շաքարյանցը։
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումների ժամանակագրությանը կարող եք ծանոթանալ ասյտեղ>>
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը կայացավ հունիսի 20-ին։ Հանդիպման արդյունքում կողմերը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում ասված էր, թե կողմերը փոխհամաձայնության են եկել մի շարք հարցերի շուրջ, որոնց լուծումը պայմաններ կստեղծի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրելու համար։